Նոյեմբերի 1-ին Վանաձորի համայնքապետարանում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Հանդիպմանը քննարկվել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ընթացքը, որն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով: Կենցաղային կոշտ թափոնների ծրագիրը ընդգրկում է փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության , թափոնների օգտահանման , փոխաբեռնման , տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական փոփոխություններին ուղղված միջոցառումներ:
Քննարկումներին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը , Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպումն աշխատանքային էր և քննարկվում էին ծրագրի իրագործման փուլը, քանի որ նախապատրաստական երկարատև փուլն ավարտվել է և արդեն գործնական հարթության վրա Վանաձորի քաղաքապետի հետ քննարկվում էր ծրագրի իրականացման ընթացքում համայնքապետարանի, պետական լիազոր կառույցների և գերմանական կողմից ծրագիրն իրականացնող պատասխանատուների փուլային պարտավորությունները, որոնց արդյունքում ի վերջո ծրագիրը կհասնի միջպետական մակարդակով հաստատման մակարդակին:
Գերմանական կողմը պատրաստվում է Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների կառավարման և աղբահանության ժամանակակից համակարգի ստեղծման համար ներդնել շուրջ 6.3 մլն Եվրո վարկային և 2 մլն Եվրո դրամաշնորհային ֆինանսական ռեսուրսներ:
Նախնական կանխատեսմամբ 2019 թվականի ընթացքում Վանաձորը կունենա ժամանակակից աղբահանման և սանիտարական մաքրման մեքենաներ ու սարքավորումներ, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան տեսակավորող աղբահավաք տարողություններ: Դրան զուգահեռ կսկսվի նոր աղբավայրի շինարությանը և ենթակառույցների ստեղծման աշխատանքները:
Քաղաքապետ Մամիկիոն Ասլանյանը, կարևորելով միջին հեռանկարային այս ծրագիր և հավաստելով համայնքապետարանի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները ու սկսել գործնական քայլերի փուլը, միաժամանակ փաստեց, որ այս պահին, օբյեկտիվ պատճառներով, Վանաձորն ունի պատշաճ աղբահանություն կազմակերպելու խնդիր , քանի որ աղբահանությունը կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում է 40 և ավելի տարիքային մաշվածություն ունեցող մեքենաներով: Մյուս կողմից, աղբահանության և սանիտարական մաքրման մրցույթների ժամկետները մեկ տարի են , իսկ նման կարճ ժամկետի համար ոչ մի գործարար լուրջ ներդրում չի անի նոր մեքենաներ գնելու համար:
Քաղաքապետը վստահ է, որ մինչև ծրագրի ավարտական փուլը, համայնքապետարանը կգտնի արդյունավետ կազմակերպչական և կառավարչական մոտեցումներ առաջիկա տարիներին քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքերի մակարդակը բարձրացնելու համար:
Քաղաքապետի, համայնքապետարանի պատասխանատուների և Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակության միջև բանակցությունները շարունակական են և կրելու են աշխատանքային բնույթ: Հանդիպման ընթացքում կազմվեց նաև մինչև տարեվերջ կատարվելիք աշխատանքների յուրօրինակ ՛՛ճանապարհային քարտեզը՛՛՝ քայլ առ քայլ: