Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը։ Այն իրականություն դարձավ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ։ Կազմակերպիչը Լոռու մարզպետարանն էր։
Ֆորումին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաներին ողջունեց և խոսեց առկա ներդրումային դաշտի, բիզնեսի հեռանկարների մասին։
Ներդրումային-բիզնես ֆորումին մասնակցելու համար հրավիրված էին Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էր:
Բիզնես ֆորումի ընթացքում ներկայացվեցին մարզի առաջնահերթություն համարվող 4 (ՏՏ, գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն) ոլորտների զարգացմանն ուղղված գրավիչ ու բազմազան նախագծեր, որոնք ներդրողների համար կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի լավագույն առաջարկներ:
Լոռիում հնարավոր ներդրումային դաշտը գործարարներին ներկայացվեց շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր բիզնես նախագծերի/գաղափարների տեսքով:
Բիզնես ֆորումին զուգահեռ անցկացվեց մարզի կարևորագույն ոլորտների լավագույն ձեռնարկությունների արտադրանքի EXPO ցուցահանդես, որտեղ մարզի գործարարները ներկայացրեին իրենց արտադրատեսակների լայն ընտրանին:
Լոռիում անցկացված բիզնես ֆորումը բացեց 2019թ.-ին Հայաստանի տարբեր մարզերում կայանալիք նույնատիպ ֆորումների շարքը:
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին Վանաձորի համայնքապետարանը հանդես եկավ ներդրումային 3 խոշոր ծրագրերով, որոնք միտված են Վանաձորի զարգացմանը։ Դրանք էին « «Մայմեխ» ճոպանուղու կառուցում»-ը, «Հյուրանոցային-ռեստորանային համալիրի կառուցում»-ը և « «Թագավորանիստ» թանգարանի կառուցում»-ը։ Ծրագրերը ներկայացրեցին Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը և ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը։