Այսօր՝ հուլիսի 9-ին, Վանաձորի Համերաշխության պուրակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված հերոս տանկիստ Արման Աղվանյանի հուշաղբյուրի բացման արարողությունը: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, հերոսի հարազատները, բազմաթիվ վանաձորցիներ:
Արման Աղվանյանը սովորել է նախ 21-րդ դպրոցում, ապա «Էվրիկա» դպրոցում, կրթությունը շարունակել հայ-ռուսական Սլավոնական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում: Սիրում էր երգել, ասմունքել, սպորտով զբաղվել, պարել: Բոլոր բնագավառներում ուներ նվաճումներ, որոնց մասին վկայում են բազմաթիվ մեդալները, պատվոգրերն ու հավաստագրերը: Իր մասին խոսում են 7-րդ դասարանում գրված խոսքերը. «Մարդու ներքին լույսի աղբյուրը հավատն է, բարությունն ու ազնվությունը: Մարդ որքան բարի լինի, հավատավոր, այնքան աշխարհի լույսը կշատանա»: Արմանը զոհվել է հոկտեմբերի 9-ին: Նրան Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու շնորհվել է մարտական ծառայության «Արիության» մեդալ:
Մամիկոն Ասլանյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր Վանաձորի կենտրոնական վայրերից մեկում մենք բացում ենք հուշաղբյուր, որը երկնքից ուղարկված էներգիայի աղբյուր է դառնալու մեր համաքաղաքացիների և հատկապես աճող սերնդի համար: Ուզում եմ, որ այս աղբյուրը դառնա գոտեպնդման և զորացման աղբյուր, քանի որ մեր եղբայրների և մեր հայրենիքի վրեժը լուծված չէ, քանի որ հաղթանակը դեռ առջևում է: Ես ուզում եմ, որ մենք ուժեղանանք մտոք և բազկով, և մեր ապագա սերունդները կարողանան ուղիղ մեջքով քայլել երկնքի տակ և հայի ու հայաստանցու պատիվը բարձր պահել, ինչպես որ այդ պատիվը բարձր պահեցին մեր նահատակ հերոսները՝ ի դեմս Արման Աղվանյանի»:
Միջոցառման ընթացքում հնչեց հերոսի ձայնը և նրա կատարմամբ ներկաները լսեցին ազգային ազատագրական պայքարի երգեր, ապա համայնքի ղեկավարն ու Արման Աղվանյանի մայրը հանդիսավորությամբ բացեցին հուշաղբյուրը, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ:
Հուշաղբյուրը կառուցվել է հերոսի ծնողների և համայնքապետարանի համատեղ ջանքերով: Նախագծողն է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, կառուցողներն են Հովսեփ Դալլաքյանը և Զավեն Պողոսյանը: