Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանին, պրոռեկտորներ Լուսինե Կոստանդյանին, Վարդուհի Հովհաննիսյանին, Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանին և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիա Բրուտյանին։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել Վանաձոր համայնքում զբոսաշրջային միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի համատեղ մշակման և իրականացման ուղղությամբ։

Արկադի Փելեշյանը ողջունել է հյուրերին և ընդգծել բուհի կարևոր դերը պահանջված և որակյալ մասնագետներով ապահովելու գործում, ինչն էլ համագործակցության հիմքն է։

Համայնքապետարանը և բուհը, նկատի ունենալով Վանաձորում զբոսաշրջության ոլորտի զարգացման և ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստման համատեղ ջանքերի կարևորությունը, կմեկտեղեն աշխատանքը։
Հուշագրով նախատեսվում է՝

Վանաձոր համայնքի պատմամշակութային հուշարձանների, ճանաչելի և հետաքրքրություն ներկայացնող այլ շինությունների ու վայրերի թվայնացում,

Վանաձոր համայնքում զբոսաշրջային երթուղիների և քայլուղիների մշակում, թվայնացում և ներդրում,

Զբոսաշրջային բնագավառում խորքային հետազոտությունների միջոցով ոլորտի կարիքների և առաջնահերթությունների վերհանում,

Բուհի համապատասխան մասնագիտությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակիտակաների արդյունավետ կազմակերպում,

Զբոսաշրջության ոլորտի մասնագետներ պատրաստելու համար բարեկարգ միջավայրի ստեղծում:

Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը ընդգծել է, որ այս համագործակցությունը կարևոր է, նկատի ունենալով, որ Վանաձորի զարգացման տեսլականում զբոսաշրջությունը առաջնային տեղում է։

Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը խոսել է համալսարանի վերջին տարիների համագործակցությունների մասին՝ ակնարկելով, որ մարզկենտրոն Վանաձորի հետ համագործակցությունը ևս հաջողված է լինելու։

Կողմերը ստորագրել են հուշագիրը՝ փոխադարձ վստահություն հայտնելով դրված նպատակը շուտափույթ իրագործել։