Հոկտեմբերի 23-ի դրությամբ Վանաձոր համայնքում գտնվում է 719 ընտանիք՝ 2606 անձով, որոնցից 71 ընտանիքը տեղակայված է հյուրատներում։
Պետության աջակցությամբ համայնքն իրականացրել է 347 սննդի փաթեթի բաշխում։ Եվս 250 փաթեթ կբաշխվի վաղվանից։
Համայնքում տեղակայված ընտանիքներին Կառավարության միջոցներով հատկացվել են կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ՝ այդ թվում 140 տուփ տակդիր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անձամբ է վերահսկում գործընթացը։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերը շրջայցեր են կատարում՝ այցելելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին, գրանցում են կարիքները, ուղղորդիչ խորհրդատվություն տրամադրում։
Արցախցի մեր հայրենակիցներին սննդի, գույքի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների աջակցություն են ցուցաբերում անհատ բարերարներ և կազմակերպություններ։
Վանաձորում Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար տեղահանման առաջին օրվանից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է հաշվառում, կարիքների արագ գնահատում, աջակցում է բնակարան գտնելու կամ կեցության ընդհանուր տարածքում տեղավորելու, օգնություն տրամադրելու և այլ հարցերով։ Ներգրավված են նաև կամավորներ։
Բռնի տեղահանված անձանց տեղաշարժի և այլ տվյալների էլեկտրոնային բազան ամենօրյա ռեժիմով թարմացվում է։