«Հրաժեշտ մանկապարտեզին» 2019 թ.-ի ավարտական հանդեսը

Այսօր՝ հունիսի 26-ին, Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ՆՈՒՀ-երի «Հրաժեշտ մանկապարտեզին» ամենամյա տարեվերջյան ավարտական հանդեսը, որին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, պաշտոնատար այլ անձինք, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, բազմաթիվ վանաձորցիներ: Հանդիսավոր ցերեկույթը սկսեց «Ամբան Հուռին» հեքիաթի գեղեցիկ բեմականացմամբ: Օրհնության խոսքով հանդես եկավ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, ապա ներկաներին շնորհավորանքի խոսքով դիմեց Մամիկոն Ասլանյանը. «Ես կցանկանամ, որ նախ մենք վերաարժևորենք այն տքնաջան աշխատանքը, որ կատարում են մանկավարժները մեր երեխաների կրթությունը, դաստիարակությունը տնից դուրս ապահովելու համար: Դա չափազանց կարևոր, պատասխանատու, միևնույն ժամանակ շատ գնահատելի գործ է: Ոչ մի երեխա չի մոռանում իր առաջին դաստիարակին, նրա կերպարն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Մենք ինչքանով կարողանում ենք ապահովել մեր երեխաների կրթությունը, դաստիարակությունը, ուսումը, այնքանով մեր երեխաները կյանք են մտնում ավելի գնահատված և ինքնահաստատված: Առաջին հերթին մենք պարտավոր ենք մեր երեխաներին կյանք ճանապարհել՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի հանդեպ անսահման սեր, մեծերի հանդեպ հարգանք և ակնածանք: Կրկին շնորհավորում եմ մեր մանուկներին, մաղթում եմ բարի երթ»:
Քաղաքապետի խոսքին հաջորդեց պարգևատրման հանդիսավոր պահը: Համայնքապետարանի ենթակայության 20 մանկապարտեզի 88 աշխատակից Մամիկոն Ասլանյանի ձեռքից ստացավ պատվոգրեր և ծաղիկներ: Ապա սկսվեց միջոցառման մշակութային մասը, որի ընթացքում յուրաքանչյուր մանկապարտեզ ներկայացավ իր բեմադրած ներկայացմամբ:

You May Also Like