Հոբելյանի առթիվ շնորհավորագիր՝ վաստակաշատ պարուսույց Լյովա Դերձյանին

Վաստակաշատ պարուսույց Լյովա Դերձյանը 70 տարեկան է։ Հոբելյանի առթիվ նրան շնորհավորեցին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը և աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը։ Նրանք բարձր գնահատեցին անվանի պարուսույցի ավանդը հայրենի քաղաքի մշակութային կյանքի, մասնավորապես, պարի, որպես արվեստի ամենազգացմունքային արտահայտության հանրահռչակման ու զարգացման գործում՝ ընդգծելով վարպետության նոր մոտեցումներով սերունդներ կրթելու հմուտ մանկավարժի ձիրքը և անգնահատելի հետքը՝ մեր քաղաքի պարային համույթների ստեղծման և զարգացման, մատաղ սերնդի գեղագիտական կրթության, պարային արվեստում նրանց հաջողությունների և ձեռքբերումների մեջ:

Լյովա Վաղինակի Դերձյանը ծնվել է 1952 թ․ Սևանի շրջանի Վարսեր գյուղում։ 1959-1969 թթ․ սովորել է Կիրովականի թիվ 6 միջն․ դպրոցում։ Պարարվեստում առաջին քայլերն արել է Ալեքսանդր Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Պարել է Կիրովականի ինքնագործ խմբերում։ 1964 թ․ առաջին անգամ պիոներ-պալատի երգի-պարի անսամբլի հետ մեկնել է Վրաստան՝ հյուրախաղերի։ 1967 թ․-ից պարել է Կիրովականի ժողովրդական ֆիլհարմոնիայի անսամբլում։ 1968 թ․ մեկնել է համերգային շրջագայությունների՝ Մոլդովա։1969թ․ մասնակցել է Հ․ Թումանյանի 100-ամյակի միջոցառումներին։ 1971-73 թթ․ ծառայել է սովետական բանակում։

1974-76 թթ․ սովորել է Դոնի Ռոստովի «Կուլտլուսավորական» ուսումնարանի պարարվեստի բաժնում։ 1975 թ․-ին մասնակցել է Կրեմլում անցկացված սովետական միլիցիայի 55-ամյակի կառավարական համերգին։ 1977 թ․ հունիսին Մարդովիայում մասնակցել է «Չուվաշական օրերին»։

1977 թ․ աշխատանքի է անցել «Հորովել» երգի-պարի պետական անսամբլում՝ որպես առաջին կարգի պարող։ 1978 թ․-ին համերգային ծրագրով հանդես է եկել Կիրովականում և Թբիլիսիում։

1979-82 թթ․ եղեել  է Գուգարքի մշակույթի տան ժողովրդական անսամբլի ղեկավար և պարուսույց։ 1981 թ․ եղել է Ալավերդու արվեստի դպրոցում պարարվեստի բաժնի վարիչ։

Մեկնել է բազմաթիվ համերգային շրջագայությունների և հյուրախաղերի արտասահմանյան տարբեր երկրներ։ 1993 թ․ նշանակվել է Վանաձորի մանկական արվեստի դպրոցի տնօրեն։

2004 թ․ ղեկավարել է թիվ 2 հատուկ ստեղծագործական դպրոցի խմբակը։

Բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի և մրցանակների է արժանացել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Նրա սաները բազմաթիվ հաջողություններ են գրանցել աշխարհի տարբեր մրցահարթակներում։

You May Also Like