Այսօր տեղի ունեցավ Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությունը։
Դպրոցը հիմնանորոգվել է Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ, Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ, բարերար Գուրգեն Եկարեանի նվիրատվությամբ՝ Արմենակ Եկարեանի հիշատակին։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, բարերար Գուրգեն Եկարեանը, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, ծրագրերի տնօրեն Արտո Որբերյանը, «Կանակա» շինարարական կազմակերպության նախագահ Հայկ Հովիվյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, դպրոցի սաներ, արվեստի գործիչներ։
Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Գուգարաց թեմի առաջնորդի օրհնության խոսքով:
Ներկաներին ողջունեց և բարերարներին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Ելույթով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա ողջունել է ներկաներին արվեստի յուրահատուկ կենտրոնի հարկի տակ, մասնավորապես ասելով․
«Վերակառուցումից հետո այն իսկապես առանձնահատուկ է դարձել, որովհետև իր ձևով, գույներով, լուծումներով առանձնանում է և վստահ եմ, որ դառնալու է Վանաձորի ամենասիրված մշակութային օջախներից մեկը։
Նոր լուծումները հնարավորություն են տալիս ոչ միայն դասարաններում աշխատել, այլև ցուցադրել աշխատանքները նախասրահում։ Իսկ 2-րդ հարկում կառուցված նոր դահլիճը հնարավորություն է տալիս տարաբնույթ միջոցառումներ անցկացնել։
Նշեմ, որ եթե նախկինում պայմնաններից ելնելով այստեղ կարող էր ուսանել առնվազն 100 սան, ապա նոր պայմանններում դպրոցն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի շատ երեխայի»։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն հայտնեց Հայ օգնության ֆոնիդի և Կանակա շինարարական ընկերության գործընկերներին` ի դեմս Գուրգեն Եկարեանի, Արտո Որբերյանի և Հայկ Հովիվյանի, բարեխիղճ, մանրակրկիտ և սրտացավ աշխատանքի համար։
Դպրոցի վերակառուցումը նախաձեռնելու, ֆինանսավորելու և իրականացնելու համար Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհակալագրեր հանձնեց Գուրգեն Եկարեանին, Արտո Որբերյանին և Հայկ Հովիվյանին։
Նրանց Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց մարզպետ Արամ Ղազարյանը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից շնորհակալագիր ստացավ նաև շենքի զարդաքանդակները դպրոցի սաների հետ պատրաստած քանդակագործության ուսուցիչ Սուրեն Հարությունյանը։
Նորամուտի կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջել են դպրոցի վերակառուցված ու նորովի կահավորված սենյակներում, իսկ 2-րդ հարկի նորակառույց սրահում վայելել են Կամերային նվագախմբի կատարումներն ու գինու համտես արել։
Դպրոցը նորովի է կահավորվել և ապահովված է անհրաժեշտ բոլոր միջոցներով։