Այսօր՝ ապրիլի 21-ին, Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում, որի նպատակն էր`վեր հանել երեխաների ցերեկային կենտրոնների առկա խնդիրները, ուսումնասիրել ոլորտին առնչվող միջազգային փորձը, ներկա իրավական կարգավորումները և դրա հիման վրա մշակել երեխաների ցերեկային կենտրոնների առավել արդյունավետ նոր մոդել:
Քննարկումը նախաձեռնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ «Հայաստանի Հարապետությունում գործող հոգածության ցերեկային կենտոնների գործունեության արդյունավետության բարձրացման մեխանիզմների հետազոտություն» ծրագրի շրջանակում։
Բանախոսը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոց. աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանն էր։ Ֆոկուս-խմբային քննարկմանը մասնակցում էին Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները, համայնքապետարանի սոցիալական աշխատողները, աշխատակազմի բաժինների պետեր, Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետը, շահագրգիռ այլ անձինք։
Շոշափվող խնդիրների շրջանակում անդրադարձ կատարվեց նաև սոցիալական աջակցության ցերեկային կենտրոնների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մասնագետներին անհանգստացնում էր նաև կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար վերականգնողական համալիր կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։