Հարգելի քաղաքացիներ,
Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մշտապես համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են։ Բացի համայնքապետարանում գործող տեղահանվածների հարցերով զբաղվող պատասխանատու մարմինը, համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի հանձնարարականով աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կատարում Վանաձոր համայնքում բնակվող տեղահանված ընտանիքներին’ արձանագրում են խնդիրները, խորհրդատվություն են տրամադրում տարբեր հարցերով։
Երեկ հանրային քննարկման առարկա դարձած ընտանիքի մասով տեղեկացնում ենք.
Ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր և նախնական բնակեցվել է Վանաձորի Աջակցման կենտրոնի շենքում տեղակայված ընդհանուր կացարանում։ Մշտապես եղել են Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցների ուշադրության կենտրոնում։ Ընդհանուր կացարանում ապահովվել է ընտանիքի կեցությունը, ապահովվել են սննդով, հիգիենայի պարագաներով, հագուստով։
Նոյեմբեր ամսից ընտանիքը տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Ստացել են Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող բոլոր միանվագ նպաստները, ստանում են ամսական նպաստներ’ 40+10.000-ական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, ՄԱԿ-ի կողմից տրամադրված քարտեր’ հագուստի համար, ամսական 2 անգամ քարտեր’ սննդի համար։ Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցները պարբերաբար այցելել են ինչպես այդ, այնպես էլ մյուս ընտանիքներին։
Ընտանիքին տրամադրվել են պետական աջակցության ծրագրերով հատկացված բոլոր աջակցությունները. տրամադրվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, բարձեր, ծածկոց, հագուստ, ծալովի մահճակալներ, տաքացուցիչ։
Կարիքների գնահատման ժամանակ մայրը նշել է, որ երեխաներն ունեն հոգեբանական աջակցության կարիք և ուղղորդվել են համապատասխան կառույցներ’ ստանալու մասնագիտական օգնություն։
Այսօր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը անձամբ է այցելել ընտանիքին։ Ընտանիքի մայրը հրավիրվել է համայնքապետարան, քննարկելու իրենց խնդիրները և անհրաժեշտություններ։
Հորդորում ենք բոլոր անհատներին և կազմակերպություններին բարեգործություն անելիս չթերագնահատել պատկան մարմինների կատարած աշխատանքը։
Համայնքապետարանը ամենայն պատասխանատվությամբ շարունակում է աշխատել ընտանիքների հետ։