Հայոց բանակի կազմավորման օրը Վանաձորում սկսվեց թեմակալ առաջնորդի օրհնությամբ։ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում հնչեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Հակոբյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի, ուժային մի շարք կառույցների և ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ներկայացուցիչներ։
Պաշտոնական միջոցառումների շարքը մեկնարկեց ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին այցելությամբ և ծաղիկների խոնարհումով: Ապա հաջորդ կանգառը արցախյան առաջին պատերազմում զոհված վանաձորցի ազատամարտիկների պանթեոնում էր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հերոսների շիրիմների առջև, որոնց շնորհիվ ապրում ենք անկախ Հայաստանում։ Ծաղիկներ խոնարհվեցին նաև 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված վանաձորցի զինծառայողների պանթեոնում: Ներկաները եղան նաև Վանաձորի Տարոն-2 թաղամասում գտնվող «Հերոսների պուրակ»-ում, որտեղ կրկին ծաղիկներ խոնարհեցին հերոսների հուշատախտակների առջև։
Հայոց բանակի օրն ամփոփվեց Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված համերգով՝ նվիրված Հայկական բանակի կազմավորման 30-ամյակին: Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը և բազմաթիվ արվեստասեր։
Երաժշտական կատարումներով հանդես եկան Վանաձորի համայնքապետարանի կամերային նվագախումբը, կամերային երգչախումբը, ՎՊՀ-ի «Բիայնա» երգչախումբը, Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը և անհատ կատարողներ։