Հայաստանի առաջին հանրապետության օրը Վանաձորում ինչպես միշտ նշվեց մեծ հանդիսավորությամբ: Տոնական օրը վանաձորցիներն, ավանդույթի համաձայն, ուղևորվեցին «Կոտրած եկեղեցու» տարածք, որտեղ մեկ դար առաջ տեղի է ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը: Պատմական այս վայրում տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ լոռեցիներ: Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը, «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում ընկածների հիշատակը: Կատարվեց հոգեհանգստի կարգ` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի: Տեղի ունեցավ զինվորական շարանցում: Ելույթ ունեցան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, պատգամավորներ և մտավորականներ: Գուգարաց թեմի առաջնորդը ներկաներին դիմեց առաջնորդական խոսքով. «Մեր անցյալի փորձություններով են պայմանավորված մեր հաջողությունները և հաղթանակները: Լույս իջնի մեր նախնիների շիրիմներին, ովքեր բարձրագույն գիտակցություն ունեցան համախմբման, միաբանության և կարողացան ճակատ ստեղծել ու ազատագրել մայր հայրենիքի այս հատվածը: Եթե ինձ հարցնեք՝ տոներից որն է ավելի հոգեհարազատն ու մեծը, ես կասեմ՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հաղթական տոները: Եթե այս հաղթանակները չլինեին, չէր լինի պետականություն: Իսկ ի՞նչ է պետականությունը: Հայ մարդու անձնագիրն է պետականությունը: Հայ երիտասարդ, այսօր եթե ունես անձնագիր, երախտապարտ եղիր 101 տարի առաջ պայքարած բոլոր նրանց հիշատակին, ովքեր այս երկիրը պետություն սարքեցին: Ես ուզում եմ, որ չխամրի հայ մարդու մեջ պատմական հիշողությունը, այն ժողովուրդը, ում մեջ կմեռնի հիշողությունը, կկտրի կապն անցյալի հետ, այդ ազգը կկորցնի ներկան էլ, իսկ ապագա երբեք չի ունենա»:
Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանն իր խոսքում ասաց. «Առաջին հանրապետության ծնունդն արդյունք է մայիսյան հերոսամարտերում մեր տարած հաղթանակների: Անկախությունը երկնառատ պարգև չէ: Պատմության մեջ նման պարգևներ չեն լինում: Պետությունները ծնվում են արյան, քրտինքի, արցունքի գնով: Երեք փառահեղ ճակատամարտերի արդյունքն է Հայաստանի առաջին հանրապետությունը: Չլիներ առաջին հանրապետությունը, վստահաբար, չէր լինի երկրորդ՝ խորհրդային հանրապետությունը, հետևաբար նաև երրորդ հանրապետությունը: Կեցցե՛ ազատ և ինքնիշխան Հայաստանը, կեցցե՛ իր ազգային երազներին նվիրված հայ ժողովուրդը»:
Հնչեցին հերոսամարտին նվիրված երգեր, ասմունք, ապա ծաղիկներ խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի մոտ:
Տեղի ունեցավ զենքի և զինամթերքի ցուցադրություն: