Հայաստանի առաջին հանրապետության տոնը՝ Վանաձորում

Այսօր՝ մայիսի 28-ին, Վանաձորում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության օրը: Վանաձորցիներն, ավանդույթի համաձայն, ուղևորվեցին «Կոտրած եկեղեցու» տարածք, որտեղ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը: Պատմական այս վայրում տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ լոռեցիներ: Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը, հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը։ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հնչեցվեց հանրապետական մաղթանք: Գուգարաց թեմի առաջնորդը ներկաներին դիմեց առաջնորդական խոսքով։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում մասնավորապես ասաց․ «Փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի փրկության համար, պայքարեցին հանուն պետականության։ Եվ այսօր՝ մայիսի 28-ին, մեծ պատիվ է իմ համար ներկա գտնվել ու մասնակցել Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված այս արարողությանն ու աղոթել առ Աստված՝ մեր նահատակների հոգիների հանգստության համար։ Ժամանակներն անցել են, սակայն մարտահրավերներն ու դրանց դիմակայելու բանաձևը չի փոխվել, որն է միասնությունը, կամքը և հավատը»։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև պատգամավոր Արփի Դավոյանը։ Հնչեցին հերոսամարտին նվիրված երգեր, ասմունք, ապա ծաղիկներ խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի մոտ:

You May Also Like