Մինչ հաշվետվության ներկայացումը, համայնքի ղեկավարը բնութագրեց 2018 թվականը որպես ծանրաբեռնված, սակայն արդյունավետ աշխատանքի տարի բոլոր ծառայությունների համար: Անդրադառնալով անցնող տարում սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գործունեությանը համայնքի ղեկավարը նշեց, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով սոցիալական ծառայություն մատուցող կառույցների համար ժողովրդի հետ անմիջական շփումը և աշխատանքը բավականին դժվար է: Կան դժգոհություններ նմանատիպ ծառայություններից ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառներից Մամիկոն Ասլանյանը նշեց այնպիսի թերություններ, որոնք առերևույթ կարող են ունենալ իրավական խախտումների բնույթ: Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ 2018 թ.-ին կբացառվեն նման թերությունները և կտրուկ կնվազի բնակչության դժգոհությունը: Թեև բաժինը իրականացնում է պատվիրակված լիազորություններ, սակայն բաժնի գործունեության համար իրավական և բարոյական առումով պատասխանատվություն է կրում նաև համայնքապետարանը: Հիշեցնենք, որ բաժինը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով տրամադրում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում՝ որպես տարածքային մարմին հանդես գալով համայնքի անունից:
Հաշվետվությունը ներկայացրեց բաժնի պետ Արմեն Ավետյանը՝ հավաստիացնելով նաև, որ 2019 թ.-ին կբացառվեն բոլոր այն թերությունները, որոնք ունեցել են հասարակական հնչեղություն:
Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ կետի և <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տրամադրում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում, որպես սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմին՝ հանդես գալով համայնքի անունից:
2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է 7 հազար 137 ընտանիք: Այդ ընտանիքներից 3 հազար 731 ընտանիք ստանում է ընտանեկան նպաստ, իսկ 2 հազար 057 ընտանիք ստանում է սոցիալական նպաստ: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքները ընդհանուր հաշվով 2018 թվականին ստացել են 1 մլրդ 896 մլն 188 հազար դրամ գումար:
2018 թվականաի հունվարի մեկից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝
ա/ 197 ընտանիք ստացել է երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն /յուրաքանչյուր ընտանիք ստացել է միանվագ 50 հազար դրամ/: Այդ ընտանիքներն ընդհանուր հաշվով ստացել են 9 մլն 850 հազար դրամ գումար.
բ/ 8 ընտանիք ստացել է ընտանիքի անդամի մահվան համար միանվագ դրամական օգնություն /յուրաքանչյուր ընտանիք ստացել է միանվագ 50 հազար դրամ/: Այդ ընտանիքներն ընդհանուր հաշվով ստացել են 400 հազար դրամ գումար.
գ/ 489 ընտանիք ստացել է երեխայի առաջին դասարան ընդունվելու համար միանվագ հրատապ օգնություն /յուրաքանչյուր ընտանիք ստացել է միանվագ 25 հազար դրամ/: Այդ ընտանիքներն ընդհանուր հաշվով ստացել են 12 մլն 225 հազար դրամ գումար.
դ/ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց 211 ավանդատու ստացել է փոխհատուցում: Այդ ավանդատուներն ընդհանուր հաշվով ստացել են 44մլն 328 հազար 102 դրամ գումար.
ե/ 1246 ընտանիքի նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն:
Համայնքի ղեկավարը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, ինչպես նաև բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրեր հաձնեց բաժնի գլխավոր մասնագետներ Ինեսա Հակոբյանին, Մարինե Թումանյանին, Գայանե Հարությունյանին և Լուսինե Աբրահամյանին: