Հասարակության իրազեկման նպատակով ներկայացնում ենք տեղեկատվություն ՙԱռաքելություն Հայաստան՚ ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքում ՙԱռաքելություն Հայաստան՚ բարեգործական հասարակական կազմակերպությունը իր գործունեությունն է ծավալում 2001 թվականից, իրականացնելով համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցում շուրջ 275 տարեցների, հաշմանդամների և այլ անապահով խմբերի համար:

Այդ ծառայություններն իրենց մեջ ներառում են սոցիալ-առողջապահական, սննդային աջակցության և խնամքի բազմաբնույթ ծառայություններ, տեղեկատվական խորհրդատվություն և շահառուների հմտությունների զարգացմանն ու ակտիվացմանն ուղղված դասընթացներ: Կազմակերպությունը նաև սոցիալ-առողջապահական և տնային խնամքի ծառայություններ է տրամադրում շարժման սահմանափակ կարողություններ ունեցող միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում:

2001 թվականին ԱՀ ԲՀԿ-ն հիմնել է համայնքային և ցերեկային կենտրոն (ՑԿ), որի տարածքը, թիվ 24-րդ դպրոցի հարևանությամբ, անհատույց օգտագործման համար տրամադրվել է Լոռու մարզպետարանի կողմից: Այն կազմակերպության կողմից կահավորվել և հարմարեցվել է տրամադրվող ծառայություններին:

Այսօր կազմակերպության ՑԿ-ի բարեգործական ճաշարանից օգտվում են շուրջ 150 շահառուներ՝ օրական մեկ անգամ ստանալով կալորիականությամբ հարուստ տաք կերակուր՝ բաղկացած 2-3 ճաշատեսակից:

Համայնքային կենտրոնը համալրված է փորձառու աշխատակազմով: ԱՀ ԲՀԿ ողջ գործունեությունն իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ:

Վանաձոր քաղաքային համայնքում խոցելի խմբերին մատուցվող սոցիալ-առողջապահական ծառայությունների տարեկան ծախսը կազմում է 13,000,000 դրամ:

Վանաձորի քաղաքապետարանի ներդրումը կազմում է այդ գումարի 23%-ը՝ շուրջ 3.00.000 դրամ, մնացած 77%-ը կազմվում է ՀՀ կառավարության և միջազային դոնոր կազմակերպությունների միջոցներից, ովքեր հանդիսանում են ԱՀ ԲՀԿ ֆինանսավորման հիմնական աղբյուրները:

Բացի վերոնշյալ մատուցվող ծառայություններից, 2013թ. ԱՀ ԲՀԿ-ն Երևան քաղաքում և ապա նաև ՀՀ այլ մարզերում՝ այդ թվում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքում, մեկնարկել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի կողմից ֆինանսավորված ՙՀայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում՝ միջկառավարական ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է անապահով և աղքատ անձանց՝ առանձնապես հաշմանդամություն ունեցողներին, ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, նրանց մատուցել կենսական անհրաժեշտ ծառայություններ, որոնցից են՝ հանրային նշանակություն ունեցող կառույցների բարեհարմարեցումը նրանց անարգել տեղաշարժման համար: Ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքային համայնքում կկազմակերպվեն ուսումնական դասընթացներ և միկրոբիզնեսի ուսուցումներ, ապահովելով շահառուների ուսման ծախսերը: Լավագույն գիտելիքներ ձեռք բերած շահառուներին մրցութային կարգով կտրամադրվեն դրամաշնորհներ, որոնցով նրանք անվարձահատույց աջակցությամբ հնարավորություն կունենան հիմնել և ծավալել սեփական միկրոբիզնեսը, ունենալ իր աշխատատեղը:

You May Also Like

Leave a Reply