Հանրային քննարկում՝ գազալցակայան կառուցելու վերաբերյալ

Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում հուլիսի 15-ին տեղի ունեցավ «էլմիրա Սարգսյան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում գազալցակայան կառուցելիս շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ հանրային քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Հանրային քննարկումը վարում էր Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը: Ներկաների կողմից ընթացքում հնչեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Նախագիծը համաձայնեցվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ:
Գազալցակայանները, ըստ ՀՀ կառավարության 2015 թ. մարտի 19-ի որոշման, հանդիսանում են 4-րդ՝ բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ, որոնց համար պահանջվում է համալիր փորձաքննություն, այն է՝ քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություններ: «էլմիրա Սարգսյան» ՍՊԸ-ն բոլոր փորձաքննություններն անցել է, այժմ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության խնդիր է դրված, որն իրակակացնում է պետական լիազոր մարմինը: Ըստ օրենքի՝ նախքան փորձաքննությունը՝ համայնքը կազմակերպում է հանրային լսումներ:
Ըստ գյուղական և քաղաքային բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման շինարարական նորմի, որն ընդունվել է 2014 թ.-ին, պահանջվում է, որ գազալցակայաններն ունենան 2 անկախ մուտք՝ իրարից առնվազն 50 մ հեռավորության վրա:

You May Also Like