Մարտի 25-ին տեղի ունեցավ Վանաձորի Լոռվա հրապարակը Կոմիտաս վարդապետի հրապարակ անվանակոչելու նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկում, որը վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը: Ներկա էին աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, համայնքապետարանի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցներ և ավագանու անդամներ:
Նախաձեռնության հեղինակը Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանն է:
Արթուր Օհանյանը, կարևորելով քննարկումների դերը հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում, մտահոգություն հայտնեց քաղաքացիների ոչ շահագրգիռ լինելու համար:
Տեր Վահան քահանա Ազարյանը թեմակալ առաջնորդի անունից շնորհակալություն հայտնեց հարցը քննարկման դնելու համար և ընդգծեց, որ ցանկացած հարց, որը վերաբերում է քաղաքին, նրա փողոցներին ու հրապարակներին, դաստիարակչական մեծ նշանակություն ունի, քանի որ գործ ունենք սերունդների հետ: «Շատ կարևոր է, որ հանրային բոլոր շրջանակները հնարավորություն ուենան իրենց խոսքն ասելու: 150-ամյակը ստիպեց մտածել և ավելի մեծ տեղ տալ մեր ազգի նկարագիրը հանդիսացող այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Թումանյանը,Կոմիտասը, զորավար Անդրանիկը… Կոմիտասի անունը եկեղեցամերձ հրապարակն ավելի ներկայանալի կդարձնի»,-ասաց հոգևոր հովիվը:
Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ներկայացրեց մասնագիտական կարծիք. «Քաղաքաշինական առումով ճիշտ եմ համարում հենց Լոռվա հրապարակը Կոմիտաս վարդապետի անունով անվանակոչելը: Բնակչության համար լրացուցիչ բեռ չենք ստեղծի նոր հասցե տալու առումով, քանի որ հրապարակի վրա հասցե չկա դրված: Այն Լոռվա կոչվել է ժողովրդական ավանդույթով: Այս հրապարակը քաղաքի մուտքն է, նախաձեռնությունը նաև խթան կհանդիսանա հետագայում հուշարձան կանգնեցնելու համար»:
Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հարցի վրա, որ քաղաքում պետք է ձևավորվի ճարտարապետական միջավայրի պահպանման նոր մշակույթ, որպեսզի Վանաձորում ևս չկրկնվի Երևանի Ազատության հրապարակի ճակատագիրը՝ սրճարանների մասով: Եթե մի հրապարակ անվանակոչում ենք Կոմիտաս վարդապետի անունով, ապա տվյալ տարածքում տնտեսական գործունեության թույլտվությունները և նպատակային հողհատկացումները պետք է համապատասխանեն հրապարակի անվանման իմաստային բովանդակությանը:
Հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում, մասնակիցները հանդես եկան 2 առաջարկությամբ: Տեր Վահան քահանա Ազարյանն առաջարկեց հավանություն տալ հրապարակի անվանափոխության նախաձեռնությանը, իսկ Արթուր Օհանյանն առաջարկեց Կոմիտաս վարդապետ անվան մեջ «վարդապետ» բառը գրել մեծատառով՝ նրա պատմական դերն առավել ընդգծելու նպատակով:
Քննարկման արդյունքները կամփոփվեն, հարցը կդառնա որոշման նախագիծ և կընդգրկվի Ավագանու օրակարգում: