Այսօր` նոյեմբերի 11-ին , Վանաձորի համայնքապետարանի ավագանու նսիտերի դահլիճում կայացան հանրային լսումներ «Վանաձոր համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները սահմանելու մասին», «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ: Նախապես հայտարարված և սահմանված ժամկետում ՝ հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 11-ը, համայնքապետարանը գրավոր որևէ առաջարկություն չէր ստացել :
Հանրային լսումներին ներկայացված որոշումների նախագծերը ներկայացրեց և քննարկումները վարեց համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Վահագն Դավիթավյանը: Շուրջ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին ներկայացված որոշման նախագծերի բովանդակությանը և հասցեականությանը: Առաջարկությունները հիմնականում «Վանաձոր համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ էին: Եղան և տուրքերն ու վճարները բարձրացնելուն , և դրանք նվազեցնելուն ուղղված առաջարկություններ:
Քանի որ «Վանաձոր համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները սահմանելու մասին» ավագանու կայացնելիք որոշումը մեծապես կանխորոշում է համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասի ծավալները, առաջարկություն ներկայացնողներն առաջարկները հիմնավորում էին հենց այդ տեսանկյունից:
«ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չներկայացվեցին:
Սահմանված կարգով և ժամկետներում կկազմվի հանրային լսումների ամփոփաթերթը, որի արդյունքում հայտնի կդառնա, թե որ առաջարկություններն են ընդունվել համայնքի ղեկավարի կողմից և որ առաջարկությունները չեն ընդունվել ՝ համապատասխան պատճառաբանությամբ:
Ստորև ներկայացնում ենք հանրային լսումների արդյունքում կազմված արձանագրությունը, տեղեկանքը և ամփոփաթերթը։