Հանրային բաց լսում Վանաձոր համայնքում տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի մասին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր
համայնքում տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի մասին հանրային բաց լսում։ Նիստը վարում էր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ
Վիրաբյանը։ Մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերն ու աշխատակիցները, ԵՄ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի աշխատակազմը, Վանաձորի համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների
տնօրեններ, քաղաքացիներ։
Ծրագրի մասին զեկույցով հանդես եկավ ԿԿԿ Դաշինք ծրագրի տրանսպորտի հարցերով փորձագետ Դավիթ
Մելքոնյանը։ Նա ներկայացրեց Վանաձոր համայնքի տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը և
գործողությունների ծրագիրը, որը մշակվել է «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի Վանաձոր
համայնքում տրանսպորտի հարցերով բաղադրիչի իրականացման շրջանակներում։ Վանաձորի ներհամայնքային երթուղային ցանցում շահագործվում է 19 միկրոավտոբուսային երթուղի` 101 տրանսպորտային միջոցով, որոնց միջին տարիքը՝ 13-ից ավել է։ Այսպիսով՝ ներկայումս Վանաձորի ներհամայնքային կանոնավոր
ուղևորափոխադրումները չեն բավարարում համայնքի բնակչության տրանսպորտային կարիքները։ Սույն
ռազմավարության նպատակն է՝ Վանաձոր համայնքում ներդնել արդյունավետ և բարձր արտադրողականությամբ
ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանց՝ հիմքում դնելով անվտանգ, էկոլոգիապես մաքուր և սպասարկման բարձր որակ ապահովող տրանսպորտային միջոցների շահագործման անհրաժեշտությունը։
Դավիթ Մելքոնյանը ներկայացրեց նաև նշված նպատակին հասնելու համար ծրագրի փորձագիտական խմբի
առաջարկները և ակնկալվող արդյունքները։
Տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ, հնչեցին առաջարկներ: Հանրային բաց քննարկման արդյունքները
կամփոփվեն և կկազմվի որոշման նախագիծ։

You May Also Like