2019 թվականի դեկտեմբերի 3-ին համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» հանրային քննարկում: Քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը: Հանրային լսումներին մասնակցում էին ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք, Տավրոս և Տարոն -3 թաղամասերի բնակիչներ:
Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում գրավոր առաջարկություններ չեն ստացվել և քննարկման մասնակիցներին համառոտ ներկայացրեց քաղաքի 2020 թվականի բյուջերի նախագծում առկա հիմնական թվային տվյալները:
2020 թվականի բյուջեն նախատեսել է եկամուտների զգալի աճ: Մասնավորապես, վարչական բյուջեի մասով 2019 թվականի շուրջ 2 մլրդ 576 մլն դրամի դիմաց նախատեսված է շուրջ 2 մլրդ 821 մլն դրամ: Շուրջ 4 տոկոս աճ է նախատեսված սեփական եկամուտների մասով: Տեղեկացվեց նաև , որ 2020 թվականի համար պետական դոտացիոն հատկացումները կկազմեն շուրջ 1 մլրդ 712 մլն դրամ, ինչը շուրջ 204 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի բյուջեի նախագիծը կազմվել էր մինչև 2019 թվականի նոյեմբերի 28-ի ավագանու նիստը, որտեղ 20 տոկոսով բարձրացվեցին համայնքապետարանի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձերը՝ հետևաբար, բյուջեի նախագծում հնարավոր չէր նպատակային հատկացում նախատեսել: Սակայն բյուջեի ծախսային մասում առկա է լրացուցիչ շուրջ 376 մլն դրամ պահուստային ֆոնդ, որը կարող է վերահասցեավորվել՝ աշխատավարձերի բարձրացումը ֆինանսավորելու նպատակով: Օրենքով նախատեսված նվազագույն աշխատավարձի բարձրացումը կփոխհատուցվի պետական բյուջեից, իսկ ոչ նվազագույն աշխատավարձերի բարձրացումը կֆինանսավորվի շուրջ 245 մլն դրամի չափով՝ համայնքային բյուջեից:
Բյուջեի նախագծի ներկայացումից հետո Վահե Գրիգորյանը և համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը պատասխանեցին ավագանու անդամների և քաղաքացիների հարցերին և տվեցին լրացուցիչ պարզաբանումներ բյուջեում ամրագրված հատկացումների վերաբերյալ:
Քանի որ տարեկան բյուջեում չկան հասցեական հատկացումներ, ապա Տավրոս և Տարոն -3 թաղամասերի բնակիչների առաջարկություններն առ այն, որ ասֆալտապատվեն իրենց փողոցները, տրվեց պարզաբանում, որ դա այլ գործընթաց է և պետք է որոշվի 2020 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի պլանավորման ընթացքում: Ավագանու անդամ Վահե Կռոյանը ևս ներկայացրեց բնակիչների կողմից նման առաջարկ:
Ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը կրկին հիշեցրեց, որ առանց քաղաքային հանրային զուգարանների հնարավոր չէ զարգացնել զբոսաշրջությունը: Քանի որ նման ծրագրային նպատակ ներառվել է համայնքի զարգացման քառամյա ծրագրում, կայացավ համաձայնություն աշխատակազմ-ավագանի համագործակցությամբ գտնել լուծման տարբերակներ, որոնք թույլ կտան շահագրգռել գործարարներին, քաղաքում նման ծառայություն կազմակերպելու նպատակով:
Ավագանու անդամ Հայկազ Սիմիկյանն առաջարկեց բյուջեից հանել շուրջ 8 մլն դրամ հատակացումը Հայքի հրապարակի շատրվանների սպասարկման ծախսերը ֆինանսավորելու համար, քանի որ դա մրցույթում հաղթած կապալառուի երաշխիքային սպասարկման պարտավորություն է: Քննարկումը վարողը նշեց, որ սպասարկման խնդիրն առկա է, գոյություն ունի հեղինակային իրավունք և սպասարկումը չի կարող իրականացնել այլ կազմակերպություն, քանի որ կխախտվեն երաշխիքի պայմանները: Որոշվեց լրացուցիչ ուսումնասիրել և քննարկել այս հարցը՝ մասնագետների և կապալառուի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ: