2022 թվականի դեկտեմբերի 2-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ։ Սահմանված կարգով և ժամկետներում հանրային լսումների էին ներկայացվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «2023 թվականի բյուջեն հաստատելու մասին», «2023 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին », « Տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին » ավագանու որոշման նախագծերը, ինչպես նաև թվով յոթ սուբվենցիոն ծրագրերին հավանություն տալու մասին ավագանու որոշման նախագծերը։
Հանրային լսումներին ներկա էին քաղաքացիներ, Վանաձոր համայնքի ավագանու բոլոր 4 խմբակցությունների ավագանու անդամներ, աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Հանրային լսումը վարում էր աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը։
Վանաձոր համայնքի բյուջեի վերլուծությունը հակիրճ ներկայացրեց ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը։
– վարչական բյուջեի եկամուտները կազմել են 3 մլրդ 520 մլն 345 հազար 2 հարյուր դրամ,
– ֆոնդային բյուջեի եկամուտները կազմել են 1 մլրդ 472 մլն 970 հազար դրամ:
2022 թվականի համեմատ 2023 թվականի բյուջեն աճել է 1 մլրդ 638 մլն 363 հազար 8 հարյուր դրամով կամ աճը կազմել է 32.8 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է գույքային հարկերի և պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաների) աճով:
• Սեփական եկամուտները 2023 թվականի բյուջեում կազմել են 1 մլրդ 503 մլն 581 հազար 1 հարյուր դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 308 մլն 536 հազար 8 հարյուր դրամով կամ աճը կազմել է 20.5 տոկոս:
• Պաշտոնական դրամաշնորհների գծով 2023 թվականի եկամուտը նախատեսված է 3 մլրդ 483 մլն 737 հազար 1 հարյուր դրամ, որից
– Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսված է 2 մլրդ 50 մլն 869 հազար 2 հարյուր դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 25 մլն 736 հազար 2 հարյուր դրամով կամ աճը կազմել է 1.3 տոկոս:
– Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումը (սուբվենցիան) նախատեսված է 3 մլն 50 հազար 4 հարյուր դրամ, որը նախորդ տարվա համեմատ չի փոխվել:
– Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումը (սուբվենցիան) նախատեսված է 1 մլրդ 429 մլն 817 հազար 5 հարյուր դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1 մլրդ 304 մլն 90 հազար 8 հարյուր դրամով կամ աճը կազմել է 91.2 տոկոս:
• Պետության կողմից ՏԻՄ-ին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսվորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները կազմել են 5 մլն 997 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ չի փոխվել:
Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն ծախսերի գծով կազմել է 5 մլրդ 918 մլն 315 հազար 2 հարյուր դրամ, որից
– վարչական բյուջեի ծախսերը կազմել են 3 մլրդ 520 մլն 345 հազար 2 հարյուր դրամ,
– ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել են 2 մլրդ 397 մլն 970 հազար դրամ:
2022 թվականի համեմատ 2023 թվականի բյուջեն ծախսերի գծով աճել է 2 մլրդ 393 մլն 600 հազար 8 հարյուր դրամով կամ աճը կազմել է 40.4 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է համայնքի սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու ֆինանսավորումների աճով: Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում նպատակաուղղված են փողոցների հիմնանորգման, Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռք բերման, մանկապարտեզի, մարզադպրոցի շենքերի կառուցման, համայնքի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացման համար:
Աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը մասնակիցներին ներկայացրեց սահմանված կարգով պետական լիազոր մարմնի կողմից հավանության արժանացած թվով 16 սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվություն, որոնք ներկայացվելու են ավագանու հաստատմանը։ Այսպիսով 2023 թ համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերով Վանաձոր համայնքում կիրականացվի 2 մլրդ 400 մլն դրամի կապիտալ շինարարություն, ինչն աննախադեպ ծավալ է Վանաձոր համայնքում պետական և համայնքի համատեղ ներդրումով։
Հանրային լսումների մասնակիցները հավանության արժանացրեցին ներկայացված նախագծերը։