Այսօր՝ մայիսի 4-ին, «Կանանց տնտեսական կարողությունների ամրապնդումը Սյունիքի մարզում և այլ մարզերում» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Վանաձորի համայնքապետարանում էր ԵԱՀԿ քարտուղարության պատվիրակությունը, որի կազմում էին տնտեսական հարցերով փորձագետ Թերեզա Ալբանոն, ծրագրի օգնական Անետա Կրժեմիեն, գենդերային հարցերով խորհրդական Ուլրիկե Շմիդտը, ծրագրի խորհրդատու Ստեֆանո Վոլպիչելին և տեղական համակարգող Մարի Փանյանը: Հանդիպմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, ավագանու անդամներ Գայանե Քալանթարյանը և Կարինե Ղուկասյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնների ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը:
Ծրագիրը նպատակաուղղված է խթանել Հայաստանում խոցելի իրավիճակներում գտնվող կանանց տնտեսական հնարավորությունները: Նախագիծը միտված է բարելավելու Կանանց ռեսուրսային կենտրոնների կողմից մատուցված ծառայությունները, մասնավորապես ինքնազբաղվածության և եկամուտ ստեղծող գործունեության ոլորտում՝ կարողությունների զարգացման միջոցների համադրությամբ: Նախատեսվում է մի շարք ուղեցույցների մշակում՝ որպես ապագա գործողությունների ճանապարհային քարտեզ և շահերի պաշտպանության գործիք՝ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման ոլորտում քաղաքականության բարելավման համար: Գլխավոր նպատակներից է նաև համագործակցության արդյունքում Հայաստանում նվազեցնել կանանց աղքատությունը:
Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչների կողմից հնչեցին հարցեր, տեղի ունեցավ կառուցողական քննարկում, որի ընթացքում վեր հանվեցին առկա խնդիրները, ներկայացվեցին համայնքապետարանի և տարբեր շահագրգիռ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների արդյունքները: Արդյունքում կորոշվեն նաև համագործակցության ուղղությունները: