Ոստիկանություն-հասարակություն կապը ամուր պահելու նպատակով յուրանքաչյուր եռամսակը մեկ Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունենում հանդիպում ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որի նպատակն է վերհանել համայնքում առկա խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները.«Հանդիպման նպատակն է, որ ՏԻՄ-ոստիկանություն կապն ամրապնդվի այնքանով, որ մենք կարողանանք համատեղ ուժերով վեր հանել այն խնդիրները, որոնք նպաստում են հանցագործությունների կատարմանը եւ փորձենք այդ ամենը կանխել»,- նշեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը:
Հանդիպման սկզբում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, որ այսօր Հայաստանում ոստիկանություն-հասարակություն կապը գտնվում է բարձր հիմքերի վրա: Ոստիկանության Վանաձորի Բազումի և Տարոնի բաժինների պետերը նշել են, որ ընթացիկ տարվա ամռան ամիսներին Վանաձորում լուրջ դեպքեր չեն գրանցվել ինչպես հասարակական միջոցառումների, որոնք այս տարի շատ են եղել, այնպես էլ ուղեկցումների և բակային ճամբարների ժամանակ: Ամուր հիմքերի վրա է եղել նաև քաղաքապետարանի բաժինների պետերի հետ համագործակցությունը. <Նման հանդիպումների նպատակն է բարձրացնել քաղաքացիներին հուզող հարցերը և համատեղ գտնել լուծման ուղիներ>,-իր խոսքում նշեց ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալ Միքայել Չոբանյանը:
Անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքում ևս լուրջ դեպքեր չեն արձանագրվել: Բացահայտվել է հանցավոր մի խումբ, որի չափահաս անդամները մուրացկանության են դրդել անչափահաս մի քանի երեխաների: Նմանատիպ երեխաների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացվում: Ոստիկանության աշխատակիցների խոսքով, լուրջ խնդիր է համայնքում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հարցն ու ընտանեկան ու կենցաղային վիճաբանությունները, որոնց լուծմանը պետք է անմիջական աջակցություն ցուցաբերեն համատիրությունների ղեկավարները: Նշվեց, որ համատիրությունների կողմից ուսումնասիրվել և ոստիկանությանը տեղեկացվել է ռիսկային համարվող 89 6-18 տարեկան երեխաների մասին:
Ավագանու անդամների կողմից հանդիպման ընթացքում առաջարկվեց ուժեղացված հսկողություն սահմանել գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների նկատմամբ:
Փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը բարձրաձայնեց գիշերային ժամերին քաղաքի փողոցներում հանդիպող մեքենաների մրցավազքի մասին: «Գիշերային ժամերին որոշ լկտի երիտասարդներ փողոցում գոնկաներ են անում: Վերջերս էլ վթար գրանցվեց: Այդ երեւույթը չի կանխվում»:
Ա. Կարապետյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ եւս քայլեր արվում են: «Հիմա արդեն մինչեւ առավոտյան 7-ը ճանապարհային ոստիկանության մեկ կարգախումբ, Տարոնի բաժնի հետ, լինում է հիմնականում Տիգրան Մեծ պողոտայի վրա: Բացի այդ, ինքս մի քանի օրը մեկ՝ ճանապարհային ոստիկանության պետի հետ դուրս ենք գալիս իրավիճակը նայելու եւ, ձեզ ասեմ, բավականին լուրջ տուգանքներ է կիրառվել բավականին «լուրջ» մարդկանց նկատմամբ»:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: