Հանդիպում «Փորձագետները՝ համայնքային գործընկերությունների համար» ծրագրի գնահատող թիմի հետ

Փետրվարի 7-ին Վանաձորի համայնքապետարանում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում «Փորձագետները՝ համայնքային գործընկերությունների համար» ծրագրի գնահատող թիմի հետ։ Հանդիպումը GIZ միջազգային կազմակերպության աջակցությամբ իրականացվող նոր համագործակցության շրջանակներում է, որն ուղղված է Վանաձորում տուրիզմի զարգացմանը։
Հանդիպմանը մասնակցեցին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, տնօրեն Քրիստինե Հովսեփյանը, «Անգաջմո գլոբա» կազմակերպության ներկայացուցիչներ Փիթեր Բոնիֆասսին, Ֆելիքս Վոլգմանը, GIZ-ի ներկայացուցիչ Անժելա Սաղաթելյանը։ Տեսակապով հանդիպմանը մասնակցեցին նաև Գերմանիայի Ռեգեն քաղաքի գործընկերները։
Հանդիպման կողմերը խոսեցին համագործակցության եզրերի, Վանաձորի՝ որպես տուրիզմի կենտրոն հնարավորությունների ու խնդիրների մասին։
Ծրագրի շրջանակներում Վանաձորը կունենա տեղական փորձագետ, որ կմշակի Վանաձոր համայնքի տուրիզմի ռազմավարությունը, բրենդը և այլ գործողություններ՝ միտված տուրիզմի զարգացմանը։
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը ստորագրեցին փոխգործակցության հուշագիրը։ Նպատակը Վանաձորում զբոսաշրջության ոլորտի զարգացումն է։ Համատեղ ջանքերով ու փոխգործակցության միջոցով հետամուտ են լինելու Վանաձոր համայնքի զբոսաշրջային առաջարկի ուժեղացման, Վանաձորի առաջխաղացման, գրավչության բարձացման և ներկայացվածության մեծացման, ոլորտային հետազոտություններ իրականացնելու, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, ՏԻՄ-մասնավոր շարունակական երկխոսության ապահովման, զբոսաշրջային միջավայրի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրագործման։

You May Also Like