Այսօր՝ հունիսի 20-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը բերվեց Վանաձոր: Լոռեցիները մեծ ոգևորությամբ ու չդադարող ծափողջյուններով դիմավորեցին Արցախը խորհրդանշող ջահը, որը բոցավառվել է մայիսի 8-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոնց եկեղեցում, անցել Քարվաճառ քաղաքով, մուտք գործել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, այնուհետև անցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքով, և ահա այսօր՝ ժամեր առաջ, մեծ հանդիսավորությամբ մտավ Լոռու մարզ: Ջահը Վանաձորում ընդունեց աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Ջահի ընդունման առիթով Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը կրթության և մշակույթի բաժնի հետ համատեղ կազմակերպել էր տոնական մեծ միջոցառում: Տոնախմբությանը ներկա էին մարզի պետական ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր վանաձորցիներ ու լոռեցիներ:
Ներկաներին ողջույնի իրենց խոսքը հղեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի Ձեռքի գնդակի առաջնության նախընտրական փուլը անց է կացվելու Վանաձոր քաղաքում:
Ուրախ երգ ու պարով, չդադարող ծափողջյունների ներքո Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վանաձորից ուղևորվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
Վանաձորի քաղաքապետարան