Այսօր՝ օգոստոսի 4-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչներին:
Հյուրերը ներկայացրեցին համագործակցության նպատակը: Այն է՝ նպաստել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական վայրերում գետերի ջրազրկման կրճատմանը՝ աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում:
Հյուրերը ներկայացրեցին նաև ԵՄ մոտեցումների վրա հիմնված լավագույն փորձը, ինչպես նաև պլաստիկ և թղթե թափոնների տարանջատման սկզբունքների ներդման, կենսաքայքայվող թափոնների կոմպոստացման, գետերի աղտոտման, թափոնների կառավարման պրակտիկայի վերաբերյալ հանրային բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և խթանման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով այն, որ զարգացման արդի փուլում Հայաստանը բախվում է նոր մարտահրավերների, այդ թվում՝ թափոնների կառավարման և առանձնացված աղբահանության իրականացման, աղբի վերամշակման սկզբունքների ներդրման հետ,կարևորելով ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը՝ Վանաձորի համյանքապետարանն՝ ի դեմս համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի մասնաճյուղն՝ ի դեմս տնօրեն Նունե Հարությունյանի, կնքեցին համագործակցության հուշագիր: