Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հոկտեմբերի 25-ին հյուրընկալել էր Գերմանիայի դաշնային հանրապետությունից Լոռու մարզ ժամանած պատվիրակությանը , որին ուղեկցում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները:
Պատվիրակությունը բավականին ներկայացուցչական էր : Ժամանել էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալոիզ Ռայները, Ռեգեներկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլլինգերը, երկրամասի մի շարք համայնքի ղեկավարներ, Ռեգեն-Վանաձոր համագործակցությանպատասխանատուներ Հերբերթ Ուննաշը և Սուսանե Վագները: Պատվիրակությանն ուղեկցում էին և քաղաքապետի հետ հանդիպմանը նաև ներկա էին«Համայնքային զարգացում հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Կաթրին Շաֆերը և GIZ-ի ծրագրերի համակարգող Անժելա Սաղաթելյանը:
Հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում և, ինչպես իր ելույթում նշեց Ալոիզ Ռայները, այցելության հիմնական նպատակը համագործակցության 5-ամյակը նշելն է, ինչպես նաև Լոռու մարզի և Վանաձոր համայնքի առաջնահերթություններին ծանոթանալը և 2017-2018թվականների համար համագործակցության ուղղությունների հստակեցումը և համատեղ ծրագրերը քննարկումը:
Ընդհանուր առմամբ, 1992 թ․-ից ի վեր Գերմանիան Հայաստանին աջակցել է ավելի քան 750 միլիոն եվրոյի հասնող վարկերով և դրամաշնորհներով , ինչի մեջ իր գնահատելի բաժինն ունի նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), որը 2013 -16 թթ. ընթացքում իրականացրել է ՛՛Համայնքների զարգացում Հարավային Կովկասում՛՛ ծրագիր, ուր ընդգրկված էր նաև Վանաձոր համայնքը: Վանաձորի հետ համագործակցության հիմնական ուղղությունը եղել է Վանաձորի տնտեսական զարգացումր, մասնավորապես ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը համայնքում:
Այժմ կազմակերպությունը պատրաստվում է նոր զարգացման ծրագրեր իրականացնել 2017-19 թվականների համար և գերմանացի պաշտոնյաները կարևորում էին Վանաձորի հետ հետագա համագործակցությունը և նոր ծրագրերի իրականցումը:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը , ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար, ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը, խնդիրների առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները:
Հատկանշական է, որ Մամիկոն Ասլանյանը ՀՀ նոտարական պալատի նախագահ աշխատելու տարիներին արդյունավետ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ և այդ փորձառությունը շահեկան է հետագա ծրագրերի իրականացման համար:
Քննարկման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացրին զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները,ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը:
Կարելի է փաստել, որ Վանաձորի համայնքապետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև համագործակցության արդյունքում իրականացվելիք ծրագրերն իրենց տեղն ու դերը կունենան համայնքի զարգացման հնգամյա ծրագրի մեջ: