Հաղթանակի օրը՝ Վանաձորում

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Վանաձորի՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշահամալիրը մարդաշատ էր: Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ՝ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, զինվորականներ: Նվագախմբի տոնական հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը, ապա հնչեց ՀՀ պետական օրհներգը։ Օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վահան քահանա Ազարյանը․ «Խոնարհվում եմ ձեր առջև մեծ պարտքի ու խոր հարգանքի գիտակցումով, որը բառերով չենք ասելու, այլ ամենօրյա գործով։ Հասարակ բան չէ պատերազմի դառնության առջև կանգնել և ապա հաղթանակի օր ունենալով՝ հպարտությամբ ասել, որ այո, այդ պատերազմը եղավ նրա համար, որ ծածանվի այն դրոշը, որը ցույց է տալիս հավերժության ճանապարհը»,-ասաց նա։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն իր շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասաց․ «Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել բազմաթիվ հայորդիներ։ Հայրենական պատերազմի դասերից մեկն էլ այն է, որ 21-րդ դարում կարևոր գաղափար է ազգերի խաղաղ համակեցությունը և միևնույն ժամանակ նաև անքննելի։ Խոնարհվելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առջև՝ ուզում եմ ընդգծել, որ մեր բոլորիս պարտավորությունն է աջակցել և մասնակիցը դառնալ նոր հաղթանակների կերտմանը ինչպես տնտեսության ոլորտում, այնպես էլ պետականաշինության կարևորագույն գործում»։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև, ապա ուղևորվեցին Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում գտնվող անհայտ զինվորի հուշարձանի մոտ՝ այստեղ ևս խոնարհելով ծաղիկներ՝ ի հիշատակ հայրենիքի համար ընկածների։

You May Also Like