Հուլիսի 26-ին Գյումրու Շիրազ հյուրանոցում տեղի ունեցավ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորամբ ծրագրի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ծրագրի ձեռքբերումների և ընթացքի վերաբերյալ խոսեցին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին։
Ներկայացվեցին 2021-24թթ․ Ծրագրի շրջանակում իրականացված գործողություններ ու ձեռքբերումները։ Շուրջ 4 մլն եվրո արժողությամբ և 40 ամիս տևողությամբ Ծրագրի նպատակն էր՝ խթանել Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքաշինության կայուն և կանաչ կառավարումը՝ տարածաշրջանում իրավա-քաղաքական գործընթացների, ծառայությունների մատուցման որակի բարելավման միջոցով: Ծրագրի ավարտին իրականացված են նախատեսված բոլոր բաղադրիչները։
Ծրագրի բոլոր բաղադրիչների վերաբերյալ խորը ուսումնասիրություններ են կատարվել։ Հանրության տարբեր խմբերի հետ իրականացվել են և իրազեկման արշավներ, կարողությունների զարգացման դասընթացներ։
Ծրագրի շրջանակներում Վանաձորը և Գյումրին ունեն կայուն և կանաչ կառավարման համար անհրաժեշտ մշակված քաղաքականություններ և ընթացակարգեր։
Երկու համայքներն էլ արդեն ունեն պլաստիկի վերամշակման հոսքագծեր։ Դրանք սալիքների արտադրման համար են, իսկ արտադրանքը կօգտագործվի հանրային տարածքների բարեկարգման համար։
Երկու համայնքների համար էլ ստեղծվել է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» (GIC)։Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով քաղաքային կառավարման կառույցներին հասանելի է ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, տարածական պլանավորման, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Համայնքներում կգործի էկոլոգիապես մաքուր հանրային տրանսպորտ՝ տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգերով։ Ծրագրի շրջանակներում գնվել են 10 էլեկտրական ավտոբուս՝ 5 հատ յուրաքանչյուր համայնքին։ Դրանք Գյումրու մաքսատանն են և շուտով կտրվեն համայնքներին։