Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի հաշվետվությունը
Վանաձորի համայնքապետարանի բաժինները շարունակում են համայնքի ղեկավարին ներկայացնել 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունները: Հաշվետվությամբ հանդես եկավ նաև եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժինը: Մամիկոն Ասլանյանը նախ ընդգծեց, որ տարեցտարի նկատվող աճման տենդենցը պարտավորեցնում է ավելի ընդլայնել հավաքագրման ծավալները: 2 տարվա ընթացքում բյուջեի մեջ նկատելի դրական դինամիկա է արձանագրվել: Համայնքապետարանը նոր ֆինանսական տարի է մտել առանց աշխատավարձերի պարտքերի և ֆինանսական պարտավորությունների: Համայնքի ղեկավարը դա նաև բաժնի աշխատանքի արդյունքը համարեց և հորդորեց չբավարարվել գրանցած արդյունքով:
«Փորձը ցույց է տվել, որ հողի հարկի կամ այլ պարտքերի զիջումը բերել է շատ ավելի վատ հետևանքների: Փաստորեն մենք նույն նժարի վրա ենք դնում բարեխիղճ և անբարեխիղճ վճարողներին: Այդպիսով նեղացնում ենք նաև նրանց, ովքեր համայնքի հանդեպ իրենց պարտավորությունները բարեխղճորեն կատարել են: Մեր հիմնական խնդիրը պարտք ունեցող քաղաքացիներին վճարման դաշտ բերելն է: Այդ մարդկանց ուղղորդել է պետք: Եթե մայր գումարը վճարում են, տոկոսը չի ավելանում: Մեր հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց տոկոսի տակ գցելն է, այլ համայնքի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումը: Մենք պետք է անհատական վերաբերմունք ունենանք յուրաքանչյուր քաղաքացու և իրավաբանական անձի նկատմամբ»,-ասաց քաղաքապետը և հավելեց. «Մարդուն չի կարելի 40-50 հազար դրամի պատճառով դատի տալ: Նրա հետ աշխատեք, բացատրեք, անհրաժեշտության դեպքում վճարման ժամանակացույց կազմեք: Մենք ի վերջո կոչված ենք բնակիչներին ծառայելու, ոչ թե մարդկանց նկատմամբ պատժիչ մեքենա կիրառելու, սակայն այն մարդիկ, ովքեր համայնքի նկատմամբ պարտավորվածություն չեն զգում, նրանց նկատմամբ օրենքի դաշտում լինելու ենք անողոք: Հիմնական թիրախն այս տարի աշխատանքներին զուգահեռ վերլուծական աշխատանքը պետք է լինի: Ամեն դեպքում դրական տենդենց կա» ,-եզրափակեց Մամիկոն Ասլանյանը:
Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Վահագն Դավիթավյանը հանդես եկավ 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետու զեկույցով: Վերջում բաժնի առաջատար մասնագետներ Հայկուշ Հովհաննիսյանը, Կարինե Հարությունյանը, Մարինե Աղաջանյանը և գլխավոր մասնագետ Հովհաննես Օհանյանն արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
ԵՀ ԳԿ և գովազդի բաժնի կողմից 2018թ.-ի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվություն
ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի ստորաբաժին է ներկայացվել համայնքային սեփականություն հանդիսացող 115 միավոր գույքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և ստացվել է համայնքային սեփականության նույնքան վկայական:
Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից կնքվել և նոտարական վավերացման է ներկայացվել 445 պայմանագիր:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Իրականացված աշխատանքների շնորհիվ տարվա ընթացքում հավաքագրվել է`
սեփական եկամուտներ 2018թ.-ի պլանային թիվը 2018թ.-ի հավաքագրած գումարը Կատարմ. տոկոսը 2017-2018թթ.-ի համեմատ.
/տոկոս, դրամ/
Վարչական մուտքեր 906917.5 897569.7 98.9 173604.2 կամ 19.3%
գույքահարկ 392950.0 368493.8 93.8 8468.5 կամ 2.35%
հողի հարկ 32075.0 31095.9 97 2995.0 կամ 10.6%
հողի և գույքի վարձակալություն 37020.0 36943.5 99.8 3016.6 կամ 8.89%
աղբահանության վճարներ 187000.0 182427.0 97.5 -4048.5 կամ -2.17%
գովազդ 17000.0 16551.0 97.3 -245.6 կամ -1.46%
2018թ.-ի ընթացքում բաժնի աշխատակիցների կողմից հարկային պարտավորությունների վերաբերյալ ուղարկվել է 510 զգուշացումներ:
Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների ընթացքում բաժինն ստիպված է լինում անպարտաճանաչ հարկատուների և վարձակալների նկատմամբ կիրառել դատական կարգով պարտքերը գանձելու պրակտիկա:
2018թ.-ի ընթացքում բնակելի նշանակության անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի երեք և ավելի տարիներ պարտք ունեցող 63 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց, աղբահանության վճարների գծով պարտք ունեցող 49 ֆիզիկական և 35 իրավաբանական անձանց նկատմամբ նախապատրաստվել են նյութեր օրենքով սահմանված կարգով պարտքերը գանձելու վերաբերյալ:
Բաժինն ստացել է 3319 գրություններ, որից 2487-ը աղբահանության վճարների վերահաշվարկի վերաբերյալ են, մնացած դիմումները ստացվել են բաժնի հետ կապված ամենատարբեր հարցերով /հարկային պարտավորությունների վերաբերյալ հարցումներ, տեղեկանքների տրամադրում, մարզպետարանից պահանջված հաշվետվություններ, տեղական տուրքերից գովազդի գծով թույլտվությունների տրամադրում, քաղաքացիների դիմումներ/, որոնց պատասխանվել են օրենքի սահմաններում և նշված ժամկետներում:
Բաժնը 2018թ.-ի ընթացքում նախապատրաստել և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել 15 որոշումների նախագծեր:
Աղբահանության ծառայությունների վճարման վերաբերյալ պայմանագրեր են կնքվել 287 իրավաբանական անձանց հետ: