Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի Վանաձորի համայնքապետարանի գործընկերներն աշխատանքային այցով ժամանել էին Վանաձոր: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել համագործակցության 2 ուղղությունները՝ մանկապարտեզների կառավարում և տուրիզմ: Պատվիրակության նպատակն էր ծանոթանալ, թե ինչ արդյունքներ են գրանցել ծրագրերը մինչ այժմ, և առաջիկա 2 տարիների ընթացքում Վանաձորն ինչ ուղղություններով կարիք ունի համագործակցության: Պատվիրակության կազմում էին նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող GIZ-ի մեկ այլ՝ «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաներ» ծրագրի ղեկավարները: Պանդեմիայի ընթացքում համագործակցությունը շարունակվել է առցանց: Հյուրերը հույս հայտնեցին, որ եկող տարի սահմանների բացմանը զուգահեռ հնարավորություն կընձեռնվի նաև ուղևորություն կազմակերպել, որպեսզի վանաձորցի գործընկերները կարողանան ծանոթանալ այլ փորձի հետ, քննարկել նաև զբոսաշրջությանը և էներգաարդյունավետությանը վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ էլ քննարկում ծավալվեց հանդիպման ընթացքում:
Համայնքի ղեկավարը գոհունակություն հայտնեց օբյեկտիվ պատճառներով խաթարված համագործակցության բնականոն ընթացքի վերականգնման համար: Ցավակցություն հայտնեց վերջերս Գերմանիայում տարերային աղետի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների պատճառով ունեցած մարդկային կորուստների համար: Մամիկոն Ասլանյանը կարևորեց, որ համագործակցությունը գործնականում ևս տվել է իր պտուղները: «Անցած տարեվերջին Եվրամիություն-Վանաձոր համատեղ պայմանագիր ստորագրվեց, և դրամաշնորհի շրջանակում սկսվել է ենթակառուցվածքների, տրանսպորտային համակարգի զարգացման, աղբի և պլաստիկի վերամշակման և մի շարք այլ ուղղություններով մի շարք ծրագրերի իրականացում: Այն նման առաջին ծրագիրն է, որը խոշոր ներդրում է անում՝ առանց պետական միջնորդության»,-ասաց քաղաքապետը և վստահություն հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կհասցնեն ավարտին՝ հույս հայտնելով, որ համագործակությունը կունենա շարունակություն: