Այսօր՝ հուլիսի 29-ին, Վանաձորի Հայքի հրապարակում բարձրակարգ երաժշտության տոն էր: Վանաձորցիներն ու հովեկները հնարավորություն ունեցան վայելելու Ֆրանսիայի Բուղ դե պիաժ քաղաքի «Սան սեսիլ հարմոնիա» նվագախմբի համերգը, որին ներկա էր նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նվագախմբի խմբավարն էր Բուղ դե Պիաժ քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն ֆլեյտահար Անի Յախինյանը, ով ծնունդով վանաձորցի է և 16 տարի է՝ ղեկավարում է թե՛ դպրոցը, թե՛ նվագախումբը: Խոստովանում է. «1993 թ.-ին 18 տարեկանում հայրենի Կիրովականից հեռացա: Բուղ դե Պիաժը հայկական մեծ համայնք ունի: Հենց այդ համայնքն էլ գրկաբաց ընդունեց ինձ և երաժշտական ուսումը շարունակեցի այնտեղ»:
Նվագախումբը բաղկացած է բացառապես ֆրանսիացի երաժիշտներից: Վանաձոր ժամանել էր 50 հոգանոց կազմի միայն մի մասը: «Սան սեսիլ հարմոնիան» գործում է 1965 թվականից, սակայն երաժշտական դպրոցը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և սկսել է նվագախմբի համար պատրաստել երաժիշտներ:
Վանաձորյան համերգը սկսվեց մեկ րոպե լռությամբ: ի հիշատակ Արցախում նախօրեին զոհված վանաձորցի ժամկետային զինծառայող Արման Բուլղադարյանի: Ապա հնչեց «Դլե յաման»-ը, որը կատարեց հենց խմբավարը: Վանաձորում խումբը հանդես եկավ 11 կատարումներով: Երգացանկում դասական և էստրադային ժանրի երաժշտություն էր ֆրանսիացի, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Շառլ Տրենե, Էդիտ Պիաֆ, Կոմիտաս…
Վերջում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին՝ գեղեցիկ համերգի համար, ապա շնորհակալագիր և ծաղիկներ հանձնեց Անի Յախինյանին
Սա խմբի երրորդ համերգն էր Հայաստանի երկու հանրապետություններում: Առաջին համերգը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում է եղել, որի հետ Բուղ դե Պիաժը բարեկամական հարաբերություններ ունի, երկրորդը Վարդենիսում էր: Խմբավարը խոստովանում է, որ վանաձորյան համերգն ամենամարդաշատն էր: Համերգաշարն ավարտվելու է հուլիսի 31-ին կայանալիք գլխավոր համերգով Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում: