Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Վանաձորում՝ էստաֆետը փոխանցելով հանրապետության երկրորդ քաղաքին: Մինչ բուն միջոցառումներին անցնելը, առավոտյան արդեն Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը իր աշխատասենյակում ընդունեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Երկկողմ քննարկումից հետո արդեն Եվրոպական Միության պատվիրակությունը Հայքի հրապարակում էր. նպատակը Եվրոպայի օրը Վանաձորում տոնելն էր:
Վարպետության դաս, տեղեկատվական ու ֆոտոցուցահանդես և մշակութային տարաբնույթ այլ միջոցառումներ՝ «Եվրամիություն –Հայաստան գործընկերությունից մինչև բարեկամություն» խորագրի ներքո: Նպատակն էր՝ ներկայացնել Վանաձորում ու հարակից շրջաններում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կամփոփվեն մայրաքաղաքում՝ մայիսի 18-24-ը:
Եվրոպայի օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով և տոնակատարություններով, որոնք նպաստում են ևրոպական արժեքների հասանելիությանը ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության գործընկեր պետությունների քաղաքացիների համար:
Տոնական օրը Վանաձորում եզրափակվեց բացօթյա համերգով:
Էդվարդ Արզումանյան
Վանաձորի քաղաքապետարան