Ապրիլի 20-ին Վանաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալել էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի ներկայացուցիչներին և շահառուներին:
Ծրագրի նպատակն է կյանքի հիմնարար հմտություններով զինել 13-18 տարեկան պատանիներին, որոնք կօգնեն վերջիններիս ընթացիկ եւ ապագա անձնական ու մասնագիտական կյանքում հաջողությունների հասնել, ինչպես նաեւ բարձրացնել պատանիների քաղաքացիական ակտիվությունը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերից եւ Արցախից տեղահանված, զոհված/վիրավոր զինծառայողների ընտանիքների 13-18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Նրանք համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող աշխատանքը, խոսեցին Վանաձոր համայնքում իրենց կողմից արձանագրված խնդիրների մասին, հարցեր ուղղեցին քաղաքապետին:
Մամիկոն Ասլանյանը ողջունեց հանդիպման նախաձեռնությունը և պատանիների կողմից ակտիվ մասնակցության պատրաստակամությունը իրենց համայնքների կյանքում, ինչպես նաև այն, որ ծրագրի արդյունքում շուրջ 150 դեռահասներն ու երիտասարդներն ավելի վստահությամբ կկարողանան կատարել կյանքի արդյունավետ ընտրություն, կառավարել սեփական հուզական բարեկեցությունը եւ հասնել անձնական հաջողության՝ հասուն կյանք եւ աշխատանքային միջավայր ոտք դնելիս: