Երևանի պետական կամերային երգչախումբը Վանաձորում էր

Այսօր՝ ապրիլի 6-ին, Մայրության և գեղեցկության օրվան ընդառաջ՝ Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հրավերով Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում ելույթ ունեցավ Երևանի պետական կամերային երգչախումբը: Համերգը կրում էր «Կոմիտաս-Կոմիտաս» խորագիրը: Համերգի խմբավարն էր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյանը: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը և տեղակալ Արման Բերնեցյանը, ով շնորհավորեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, շնորհակալություն հայտնեց վանաձորցի հանդիսատեսին Կոմիտասի բարձրաճաշակ մեկնաբանությամբ ներկայանալու համար: «Մեզ համար պատիվ է այստեղ հյուրընկալել նման արհեստավարժ երգչախմբի, ինչպիսին է Երևանի պետական կամերային երգչախումը: Այս բեմը պրոֆեսիոնալների պակաս չի ունեցել, վստահ եմ՝ առաջիկայում ևս կունենանք Վանաձորի մշակութային կյանքը վառ պահող բարձրաճաշակ համերգներ»,-ասաց Արման Բերնեցյանը, ապա ընթերցեց Մամիկոն Ասլանյանի շնորահորագիրը: Երգչախումբը շնորհակալություն հայտնեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանին՝ գեղեցիկ համերգի նախաձեռնության համար: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը շունչը պահած վայելեց յուրաքանչյուր կատարում, իսկ վերջում հոտնկայս բոլորը միասին երգեցին «Ամեն հայի սրտից բխած»-ը, ապա երգչախմբի իգական սեռի ներկայացուցիչներին մշակույթի բաժնի կողմից բաժանվեցին ծաղիկներ: Վերջում մաեստրո Թոփիկյանը Վանաձորին նվիրեց «Կոմիտաս» խտասկավառակներ, և չդադարող ծափողջույնների ներքո երգչախումբը հրաժեշտ տվեց հանդիսատեսին:

You May Also Like