Մարտի 9-ին Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է էդուարդ Թոփչյանը։ Վանաձորյան համերգին նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Ներսես Մկրտչյանը։ Հնչեցին Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
Սա նորաստողծ նվագախմբի Երևանից դուրս՝ առաջին արտագնա ելույթն էր։
Վանաձորի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց պատանի կատարողներին։
Համերգի ավարտին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը նվագախմբին պատվոգիր հանձնեց՝ կատարողական բարձր վարպետության, համայնքների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու համար։
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է 2023 թվականի նոյեմբերին։ Դրանում մասնակցում են համայնքային ենթակայության մոտ 25 երաժշտական դպրոցների սաներ, երաժշտական կրթական այլ հաստատությունների ուսանողներ։ Տարբեր գործիքային խմբերի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատում են ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 12 փորձավար և 2 դիրիժոր։