Վանաձորի համայնքապետարանի, Օդեսայի քաղաքային խորհրդի մշակույթի եւ տուրիզմի դեպարտամենտի, Կիևի արվեստի առաջխաղացման հիմնադրամի և «Արգինա» մշակութային ՀԿ-ի աջակցությամբ առաջին անգամ Վանաձորում անցկացվելու է միջազգային երաժշտական փառատոն-մրցույթ, որի նպատակն է համախմբել մանուկ, պատանի և երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին:
Փառատոն-մրցույթի ականավոր ժյուրիի կազմի ուկրաինական պատվիրակությունը փառատոնի նախօրեին՝ հունիսի 13-ին, արդեն Վանաձորում էր: Նրան ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը: Մամիկոն Ասլանյանը ողջունեց հյուրերին, ապա ընդգծեց, որ երբ բարձր պաշտոնյաներն են հանդիպում, դա ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում, իսկ երբ հանդիպումները ապակենտրոնացված բնույթ են կրում, դա նպաստում է ժողովուրդների բարեկամությանը և ջերմ հարաբերությունների ձևավորմանը: «Այս համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՛ կազմակերպիչներին, թե՛ առիթին, որը համախմբեց մեզ գեղեցիկ նպատակի շուրջ և նպաստեց եղբայրական քաղաքի հետ հարաբերությունների ջերմացմանը: Կարծում եմ, որ այս հրաշալի նախաձեռնությունը կդառնա խորհրդանիշ և կունենա շարունակություն, առիթ կհանդիսանա ավելի մեծամասշտաբ նախաձեռնությունների համար»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Մրցույթի ժյուրիի նախագահ՝ Ուկրաինայի Պ. Ի. Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր, Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության խորհրդի քարտուղար, Երաժշտության միջազգային կոմիտեի Ուկրաինայի ազգային ժողովի գլխավոր քարտուղար, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, փիլիսոփայության դոկտոր Լեսյա Օլիյնիկը զուգահեռ անցկացրեց երկու ժողովուրդներին պատուհասած աղետների՝ Սպիտակ և Չեռնոբիլ քաղաքների ողբերգությունների միջև, հիշեց եղբայրական միասնությունն ու փոխօգնությունը: Պրոֆեսորը կարևորեց նման մեծ փառատոնը Վանաձորում անցկացնելու որոշումը, ինչը երկու ժողովուրդներին կմիավորի նաև մշակույթի շուրջ:
Կոմպոզիտոր, Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիայի Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության խորհրդի քարտուղար, Միջազգային կազմակերպության «Նոր երաժշտություն» ասոցիացիայի խորհրդի նախագահ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Կարմելլա Ցեպկոլենկոն վերջին անգամ Հայաստանում եղել էր 40 տարի առաջ, դարձել մրցույթի դափնեկիր: Հպարտությամբ նշեց, որ մայրը հայուհի է, նախնիները փրկվել են ցեղասպանությունից, ուստի Հայաստանն ու հայ մշակույթն իր համար առանձնահատուկ տեղ ունեն:
Գոռ Բադյանը վստահեցրեց, որ այսուհետ փառատոնը դառնալու է ամենամյա: Միջոցներ են ձեռնարկվելու մասնակցության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով: «Մեզ համար պատիվ և պատասխանատվություն է ձեզ հետ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարը: Ես վստահեցնում եմ, որ հաջորդ տարի փառատոնի մասնակիցներ կունենանք նաև այլ երկրներից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս հրաշալի փառատոնը խոսի երկու ժողովուրդների միջև առկա խորունկ հարաբերությունների մասին»,-եզրափակեց նա:
Հանդիպման վերջում ներկաները փոխանակվեցին հուշանվերներով, կին հյուրերը համայնքի ղեկավարից ստացան ծաղիկներ: Հանդիպումից հետո նրանք Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ կատարեցին էքսկուրս Լոռու մարզի պատմամշակութային վայրերում: