Ձյուդո ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված պատերազմում զոհված վանաձորցիներին

Մայիսի 23-ին Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ձյուդո ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված վանաձորցի զինվորների հիշատակին: Մարզադպրոցի սաներից երկուսը՝ բռնցքամարտիկ Էդուարդ Մարուքյանը և ձյուդո ըմբշամարտիկ Դավիթ Մնացականյանը,  զոհվել են պատերազմում: Առաջնության պատվավոր հյուրերն էին Լոս Անջելեսից ժամանած դերասան Ռոման Միտիչյանը և ՌԴ-ից ժամանած Դավիթ Մինասյանը: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը, ապա տրվեց առաջնության մեկնարկը:

Տասնմեկ քաշային կարգերում առաջնությանը մասնակցեց 44 մարզիկ: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկներն արժանացան մեդալների և դիպլոմների: Մրցանակակիր բոլոր մարզիկները դրամական պարգևներ ստացան Ռոման Միտիչյանից և Դավիթ Մինասյանից և նվերներ՝ ամերիկահայ բարերար Գուրոյան ընտանիքից: Ի դեպ, Տեր և Տիկին Գուրոյանները օգնություն են տրամադրել նաև արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Վանաձորում ապաստանած ընտանիքներին:

You May Also Like