Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Դեպի Հայք» միջազգային բարեգործական հիմնադրամի Վանաձորի կամավորները հյուրընկալվեցին Վանաձորի համայնքապետարանում։ Նրանց ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Նախ Արկադի Փելեշյանը ողջունեց երիտասարդներին, ապա ծրագրի մասնակիցները պատմեցին՝ որտեղից են եկել և ինչով են զբաղվում։
Հայաստան ժամանած երիտասարդները ամիսներ շարունակ կամավորության հիմունքներով ընդգրկված են տարբեր ծրագրերում։
Համայնքի ղեկավարն առաջարկեց քննարկել, արդյոք ի՞նչ պետք է անել, որ նրանք մնան Վանաձորում։
Երիտասարդները գլոբալ փոփոխություններ չեն ուզում, ասացին՝ միայն մի քիչ հարմարություններ ավելանան։
Քննարկվեց երիտասարդներին կամավորական աշխատանքներում ներգրավվելու հարցը․ կամավորները շատ են, պահանջարկը քիչ։
«Դեպի Հայք»-ը Վանաձորում գործում է 2013 թվականից։ Ծրագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը՝ վերջիններիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը’ կամավորական աշխատանքի միջոցով։
Կամավորները Համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց աշխատանքային առօրյան Վանաձորում և ծանոթացան համայնքապետարանի գործունեությանը, համայնքի զարգացման հեռանկարներին։
Արկադի Փելեշյանը, կարևորելով ծրագրի նպատակը, ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցել ծրագրի հետ։