Այսօր Վանաձորի Կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացումը։
«Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ արխիվային լուսանկարներ։
106-ամյա լրատվական գործակալությունը ներկայացնում է 20-րդ դարի Հայաստանը։ Լուսանկարներում նշանավոր քաղաքական գործիչներ են, արվեստի, սպորտի, գիտության, մշակույթի կարկառուն դեմքեր, պատմական իրադարձություններից դրվագներ։
«Պետք է նշել, որ Արմենպրեսը մեր երկրի մայր լրատվական գործակալությունն է։ Պատմական իրադարձությունների մասին խոսելիս, դասագրքերից զատ, հենցն իրենց արխիվաային նյութերն են հաճախ օգնում սեփական աչքերով տեսնելու պատմական իրողությոններն ու դեմքերին։ Ես ուրախ եմ, որ ցուցահանդեսը Վանաձորում է և հավաստում եմ, որ Վանաձորը պատրաստ է ավելի հաճախ ընդունել նմանատիպ նախաձեռնությունները», -բացման խոսքում ասաց համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։
Վանաձորյան ցուցադրությանը ներկայացված է 70 լուսանկար, դրվագներից 2-ը Վանաձորի անցյալից են։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի խոսքով ցուցահանդեսը բացվել է Երևանում։ Արձագանքը ստիպել է ընդարձակել ցուցահանդեսի աշխարհագրությունը, ապա եղել են Կապանում, Գյումրիում և ահա Վանաձորում են։
«Մենք խորապես գիտակցում ենք դարի ստեղծած ժառանգության կրողները լինելու մեր պատասխանատվությունը: «Արմենպրես»-ում պահպանվող միլիոնավոր ժապավեններն ու թվայնացված լուսանկարները պահոցներում մնալու իրավունք չունեն. դրանք տարբեր նախաձեռնություններով կդառնան հանրության սեփականությունը»,- նշեց Նարինե Նազարյանը:
Ցուցահանդեսը Վանաձորում կլինի մինչև դեկտեմբերի 28-ը։