Ապրիլի վերջին շաբաթ օրը 2019 թվականից սկսած նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։

Այսօր օրվա առիթով Վանաձորում տեղի ունեցան միջոցառումներ, որոնք բաղկացած էին 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառումներ:
Վանաձորի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տանը տեղի ունեցավ «Շենացրու՛ պետությունդ՝ եղիր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսություն-քննարկում։
Բանախոսությամբ հանդես եկավ դաշնակակհար, հասարակական գործիչ, Երևանի Առնո Բաբաջնյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը։
Միջոցառումը վարեց Վանաձորի Պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը, որը ներկայացրեց օրվա բանախոսին, ապա հնչեցրեց օրվա խորհրդին համահունչ կարևոր հարցադրումներ:
Արտյոմ Հարությունյանը լսարանին ներկայացրեց իր՝ որպես երաժիշտ անցած ճանապարհը և հաջողությունների պատմությունը, ապա անդրադարձավ անհատի և քաղաքացու ձևավորման միջավայրի, հոգատար հանրության, քաղաքացի- պետություն համագործակցության, բարեկիրթ և պատասխանատու հանրություն դաստիարակելու կարևոր հարցերին:
Բանախոսը պատասխանեց լսարանի հարցերին, քաջալերեց երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները, խորհուրդ տվեց՝ այդ ճանապարհին փորձել ցանկացած հնարավորություն, չվախենալ ձախողումներից և միշտ առաջ գնալ:
Քննարկումները լսարանի հետ անցան անմիջական, անկաշկանդ մթնոլորտում։ Բանախոսության վերջում դաշնակահարը լսարանի համար նվագեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը:
Այնուհետև՝ թիվ 1 մշակույթի տան սաները հանդես եկան ասմունքի և պարային ելույթներով:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Վանաձոր համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման պատասխանատու Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Մամյանը, որը փոխանցեց համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի ուղերձը՝ <<Քաղաքացու ուժը նրա ակտիվ մասնակցությունն է յուրաքանչյուրս մեր համայնքի, ապա և երկրի կառուցման, զարգացման և պահպանման գործում։ Յուրաքանչյուրս մեր գործով ու դիրքով պատասխանատու ենք այն հասարակության համար, որտեղ ապրում ենք>>։
Լուսիեն Մամյանը բանախոսին ու ներկաներին շնորհակալություն հայտնեց Վանաձոր համայնքում Քաղաքացու օրվա ուսանելի և կարևոր քննարկում ունենալու,Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացու ձևավորմանը, կրթությանն ու զարգացմանը միտված այս հնարավորության համար։
Քաղաքացու օրվա առթիվ մշակութային միջոցառումներ անցկացվեցին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում՝ համերգային ծրագրով և Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում՝ նկարչական աշխատանքների ցուցահանդեսով։
Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։

You May Also Like