Հուլիսի 6-ին Վանաձորում մեծ շուքով նշվեց ավանդական դարձած «Ծաղկի տոն» համաքաղաքային միջոցառումը: Հիշեցնենք, որ այն Վանաձորում նշվում է 1960թ-ից: Երկրաշարժից հետո տոնը չի նշվել մինչև 2000թ-ը, հետո շարունակվել ու տոնվում է մինչ օրս: Վանաձորում այս տարի այն սկսվել էր մեկ օր շուտ՝ Թեժ լեռան հովտում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից կազմակերպված ծաղկահավաքով:
Միջոցառման սկիզբը Ստեփան Զորյանի անվան տուն թանգարանում էր: Այնուհետ <Հորովել> երգի պարի համույթի սաները նախորդ օրը հավաքած ծաղիկները <Հայքի> հրապարակից քայլելով նվիրեցին վանաձորցիներին: Տոնը շարունակվեց արդեն Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում, որտեղ էլ նշվեց ծաղկի տոն համաքաղաքային ավանդական տոնակատարությունը: Միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան Վանաձորի երգի և պարի համույթներ, անհատ կատարողներ: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ուրախ երաժշտության ներքո տեղի ունեցավ ծաղկատեսակների, ծաղկեփնջերի, ծաղկեզամբյուղների ցուցադրական մրցույթներ, կավճանկարչության մրցույթ, ծաղկազարդ զգեստների դիմակահանդես մրցույթներ, սպորտային ցուցադրական ելույթներ ու ձեռքի աշխատանքների ցուցադրություն:Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և պարգևատրում բոլոր անվանակարգերում: Զբոսայգում փոքրիկներին բաժանվեցին գեղեցիկ փուչիկներ, ուրախ տրամադրությունն ապահովում էին հեքիաթի հերոսներն ու ծաղրածուները: