Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարն ընդունեց DSF «Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական հոգեբանական կազմակերպության Ֆրանսիայում ծրագրերի պատասխանատու Նատալի Թոփակյանին և կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Անուշ Առնավուտյանին:
«Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական միությունը «Նռենի» ՀԿ-ի հետ համատեղ 2004 թ.-ից ի վեր իր գործունեությունն է ծավալում Լոռու մարզում՝ համագործակցելով Վանաձորի և Բանյոյի քաղաքապետարանների հետ:
Առաքելության նպատակն է հոգեբանական աջակցություն ցուցաբերել Լոռու մարզի բնակչությանը և հզորացնել հայ մասնագետների գիտելիքները:
Հանդիպման ընթացքում գնահատվեց մինչ այժմ կատարված աշխատանքը և քննարկվեցին հետագա անելիքները: Կազմակերպության մասնագետների և նրանց կողմից վերապատրաստված աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացնում Վանաձորի 4 մանկապարտեզներում:
Թիվ 35 նախակրթարանում, հայ մասնագետների հետ համատեղ, կազմակերպության հոգեբանները աշխատանք են տանում ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ: Տեղացի և արտասահմանցի մասնագետների կողմից իրականացվում են նաև նոր մեթոդների ուսուցանում և կիրառում:
Նատալի Թոփակյանն անդրադարձավ նաև «Փոքրիկ նապաստակ» կենտրոնի գործունեությանը, համավարակի ընթացքում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին։
Շեշտեց, որ այցի նպատակն է կատարվող աշխատանքներին հետևել տեղում, դիտարկել դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու հեռանկարն ու որոշել ուղղությունները: Վանաձորում իրականացվող ծրագրերը պիլոտային են: Դրանք հաջողությամբ իրականացնելու արդյունքում նպատակ կա անցում կատարել ազգային ծրագրերի:
Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն հայտնեց կատարվող աշխատանքի համար: «Այս ընթացքում աշխարհում և մեզ մոտ ցավալի իրադարձություններ տեղի ունեցան, և ևս մեկ անգամ զգացինք մեր բարեկամների կարիքը: Մեզ օգնության ձեռք մեկնողների մեջ Ֆրանսիան հատուկ տեղ ունի»,-ասաց քաղաքապետն ու շեշտեց. «Վանաձոր-Բանյո համագործակցությունն ամուր հիմքերի վրա է: Խոստանում ենք քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու նպատակով»: Մամիկոն Ասլանյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ աջակցել Վանաձորում իրականացվող բոլոր նախաձեռնություններին: