Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

«Ցավով տեղեկացա հայկական սպորտի լեգենդ, Ալբերտ Ազարյանի’ «Օղակների արքա» աշխարհահռչակ մարմնամարզիկի, օլիմպիական եռակի չեմպիոնի մահվան մասին:
Նա մեր համաքաղաքացին և Վանաձորի պատվավոր քաղաքացի էր։ Հեռացավ հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ հանդիսացող անհատականություն։
Նա իր գրանցած հաջողություններով անջնջելի անուն թողեց համաշխարհային սպորտի պատմության մեջ։
Ալբերտ Ազարյանը իր հայրենիքի նվիրյալ զավակ էր, ով առանցքային դեր է ունեցել սերունդների դաստիարակման գործում։
Խորին ցավակցություններս եմ հայտնում իմ և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի անունից Ազարյանների ընտանիքին ու հարազատներին։ Կիսում ենք վիշտն ու կորստյան ցավը:
Հավերժ հիշատակ մեր լեգենդին»:
Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ծնվել է 1929թ. փետրվարի 11-ին Ղարաքիլիսայում (այժմ Վանաձոր)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։

You May Also Like