Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով արդեն երրորդ անգամն էր մասնակցում Բաթումի քաղաքի օրվա տոնակատարությանը, որն այս տարի անց է կացվել «Բաթումին բարեկամության քաղաք է» խորագրով: Սամվել Դարբիյանը նախ ներկա է գտնվել նորընտիր քաղաքապետ Գեորգի Երմակովի ընդունելությանը Բաթումիի քաղաքապետարանում, որին մասնացել են նաև 9 պետությունների պատվիրակներ: Հանդիպման ընթացքում եւ շրջայցերի ժամանակ պատվիրակություններին ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրողների կողմից Բաթումիում արդեն իրականացված, այնպես էլ իրականացվելիք ծրագրերը տարբեր ոլորտներում:
Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սամվել Դարբինյանը բարձր է գնահատել Բաթումիում տարեց-տարի նկատվող դրական փոփոխությունները` ավելացնելով, որ քաղաքը դարձել է ավելի գրավիչ զբոսաշրջության եւ ներդրումների համար:
Գեորգի Երմակովը եւ Սամվել Դարբինյանը խոսել են Բաթումի եւ Վանաձոր քաղաքների միջեւ համագործակցության առավել նպատակահարմար տարբերակներ գտնելու եւ մշակելու մասին` հիմք ընդունելով ութամյա բարեկամության պայմանագիրը, և երկուստեք պատրաստակամություն են հայտնել աջակցել փոխադարձ նոր նախաձեռնություններին: Իր հերթին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Բաթումիի իր գործընկերոջը, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվել հոկտեմբերի 4-ին կայանալիք Վանաձորի քաղաքի օրվա տոնակատարությանը:
Վանաձոր և Բաթումի քաղաքների բարեկամությունը տասնյակ տարիների պատմություն ունի և դեռևս խորհրդային տարիների Կիրովական և Բաթումի քաղաքները հատուկ բարեկամական հարաբերություններ էին պահպանում: Հայաստանի և Վրաստանի անկախացումից հետո երկու քաղաքների ղեկավարները հավատարիմ մնացին ավանդույթներին և 2006 թ-ին երկու քաղաքների քաղաքապետները ստորագրեցին բարեկամության փաստաթուղթ և նախանշեցին համագործակցության ծրագրեր մշակույթի, զբոսաշրջության, սպորտի, կրթության ոլորտներում: Ութ տարիների ընթացքում բազմաթիվ փոխայացելություններ են եղել քաղաքը ներկայացնող պատվիրակություննների մակարդակով, համույթների և սպորտային թիմերի ներկայացմամբ: Ձևավորվել է նաև նոր և գեղեցիկ մի ավանդույթ, երբ երկու քաղաքների ղեկավարները պարտադիր մասնակցում են քաղաքային տոներին՝ «Վանաձորի օր» և «Բաթումոբա», որոնք բարեկամության և համագործակցության նոր հնարավորությունների յուրօրինակ հանդիսություններ են: