Հայոց բանակը 27 տարեկան է

Հայոց բանակը 27 տարեկան է: Վանաձորի համայնքապետարանը օրվան ընդառաջ նախաձեռնել էր միջոցառումների շարք, դե իսկ տոնական գլխավոր միջոցառումները հունվարի 28-ին էին: Վաղ առավոտյան Վանաձոր համայնքի ղեկավարը, Լոռու մարզպետը, պաշտոնատար այլ անձինք, Գուգարաց թեմի առաջնորդը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, ռազամական ոստիկանության և ՀՓԾ Լոռու մարզային վարչության ներկայացուցիչներ ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա բոլորը միասին ուղևորվեցին զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների շիրիմներին: Տոնական օրվա շարունակությունը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում էր: Ողջույնի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, ով օրհնանքի խոսք հղեց զինվոներին. «Հիշեք, որ ձեր թիկունքին կանգնած է հայոց նյութական և հոգևոր հայրենիքը: Ձեզ է վստահված այդ սրբազան արժեքների պաշտպանությունը, ողջ հայ ժողովրդի անվտանգությունը, այն ամբողջ ժառանգությունը, որ կոչվում է հայկական: Արթուն պահեք ձեր գենետիկ հիշողությունը: Հիշեք որ ժողովրդի զավակն եք, որի համար ծառայությունը փառք ու պատիվ է»:
Մամիկոն Ասլանյանն իր խոսքում ասաց. «Հայոց բանակը փառապանծ մարտական ուղի է անցել՝ իր ճանապարհին ունենալով բազմաթիվ հաղթանակներ, անդառնալի կորուստներ: Ես կուզենայի, որ մեզնից յուրաքանչյուրը իր կյանքը կառուցելիս հիշի այն ընկած տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր երկրի կայունության և հաղթանակների: Ես չգիտեմ որևէ հայի, ով սիրում է Հայաստանը, ունի հայկականություն և բանակին ոչինչ չունի տված: Ես չեմ ընկալում այդպիսի մարդկանց: Բանակը մեր երկրի հայկականության հիմնաքարն է: Հայոց հզոր, անսասան բանակը կանգնած է Հայաստանի Հանրապետության անառիկ սահմաններին: Շնորհավոր Հայոց բանակի տոնը»:
Տեղի ունեցավ տոնական շքերթ, օրվա առթիվ կարգապահական տույժերից ազատվեցին, ինչպես նաև շնորհակալագրերի արժանացան մի շարք զինվորներ: Օրվա պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիրը:

You May Also Like