Օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է բռնի տեղահանված արցախցիների սոցիալական կարիքները գնահատելու և օգնություն տրամադրելու համայնքապետարանի աշխատանքներին ներգրավված կամավորներին։
Համայնքի ղեկավարը ի դեմս նրանց շնորհավորել է բոլոր կամավորներին, մասնավորապես նշելով․
«Այս օրը նրանց է, ովքեր անվարձահատույց և նվիրաբար իրենց ժամանակը, ջանքերն ու հոգատարությունն են ներդնում ուրիշներին օգնելու համար: Նրանք կարողանում են կարեկցել և անշահախնդիր աջակցություն ցուցաբերել:
Դուք օգնության եք հասնում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց և օգնում հաղթահարել:
Վստահ եմ՝ կամավորության որ բնագավառում էլ ներգրավված լինեք, ձեզ միավորում է ընդհանուր նպատակը՝ օգնել մարդկանց: Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին անձնուրացության, կարեկցանքի և քաղաքացիական բարձր պատասխանատվության համար։
Մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն, մասնագիտական հաջողություններ և համբերություն»։
Համայնքի ղեկավարը շնորհավորագրեր է հանձնել կամավորներին՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար։