Ավանդական դարձած 11-րդ «Մարզական փառատոն» մարզատոնահանդեսին, որն այս տարի կայացավ սեպտեմբերի 20-ին, մասնակցություն ունեցան ավելի քան քսան կազմակերպություն:
Մարզատոնահանդեսի գլխավոր մրցավարի հրահանգով մարզահրապարակը տրամադրվեց փառատոնի շքերթին: Նախ հրապարակ բերվեց ՀՀ պետական դրոշն ու օլիմպիական դրոշը, որն էլ ազդարարեց փառատոնի հանդիսավոր բացումը:
Ավանդույթի համաձայն տեղի ունեցան ՝ կշռաքարերի բարձրացման, շախմատի, նարդիի, ազգային կոխ ըմբշամարտի, բազկամարտի, մինի ֆուտբոլի և մասսայական վազքարշավի մրցումներ:
Մասնակիցների խոսքով նմանատիպ մարզական միջոցառումները ոգևորություն են առաջացնում մարզիկների շրջանում: «Ոչ միայն հնարավորություն ենք ունենում մրցելու մեզնից ավելի ուժեղ և պատրաստված մարզիկների հետ, այլ նաև փորձառություն ենք ձեռք բերում, որն էլ համեմվում է այլև հաճելի ժամացի հետ»,- նշում են փառատոնին առաջին անգամ մասնակցող երիտասարդները:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի խոսքով փառատոնը վաղուց սիրված է վանաձորցիների կողմից. պատճառը մեկն է՝ վանաձորցին սիրում է սպորտը, սիրում է առողջ ապրելակերպը և խանդավառությամբ է մասնակցում այս միջոցառմանը»: Մարզահանդեսի հիմնական նպատակն է միավորել մարզիկներին ու մարզասերներին:
Մարզական փառատոնի անբաժան մասն են կազմում նաև ցուցադրական ելույթները:
Փառատոնին ուրույն դեր ունեն նաև ժողավրդական խաղերը: Մարզական ելույթները ընդմիջվում էին Վանաձորի երգի-պարի համույթների երաժշտական կատարումներով:
Մարզական փառատոն-2015-ի ավարտին մասնակից կազմակերպությունները լավագույնս հանդես գալու համար Վանաձորի քաղաքապետարանի կողմից արժանացան շնորհակալագրերի, իսկ մրցելույթներում աչքի ընկած մարզիկները սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի վստահեցմամբ՝ տարեցտարի փառատոնն ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում:
Հիշեցնենք, որ ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում անցկացված մարզական փառատոն մրցույթ-ստուգատեսում Վանաձորի քաղաքային համայնքը ինչպես 2013, այնպես էլ 2014թ. ճանաչվել է հաղթող և պարգևատրվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով և գավաթով: