Նոյեմբերի 28-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը: 25 որոշումներից Ավագանին որոշում կայացրեց 24-ի վերաբերյալ: Մեկ նախագծի վերաբերյալ որոշում չկայացվեց, քանի որ կար նաև ավագանու «Մշակույթի, կրթության, սպորտի, սոցիալական և երիտասարդական հարցերի» մշտական գործող հանձնաժողովի բացասական եզրակացությունը որոշման նախագծի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ օրենքով փոխվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ Վանաձոր համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ սահմանեց նոր դրույքաչափեր՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատավարձերի համար՝ վերանայելով բոլորի դրույքաչափերը՝ միջինացված 20 տոկոսով:
Ի պատիվ ավագանու բոլոր խմբակցությունների և համայնքի ղեկավարի՝ վերանայվեցին ոչ միայն նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակիցների դրույքաչափերը, այլ նաև բարձրացվեցին համայնքապետարանի և ենթակա հիմնարկների աշխատակիցների դրույքաչափերը: Հիշեցնենք, որ վերոհիշյալ աշխատակիցների աշխատավարձի դրույքաչափերը փոփոխության չէին ենթարկվել 2010 թ.-ից մինչ օրս:
Որոշումներից մեկով ավագանին հաստատեց նաև Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության, մարզիկներին և մարզիչներին սպորտային նպաստ նշանակելու կարգը: Նոր կարգով 10 լավագույն մարզիկների ընտրությունը կկատարվի նոր դասակարգմամբ, որտեղ սահմանված են 4 տասնյակից ավելի առաջնություններ՝ այդ թվում միջազգային և վարկանիշային: Ավելացավ այդ մարզիկների և նրանց մարզիչների սպորտային նպաստի չափը:
0-ական դրույքաչափով տեղական վճարի կիրառման արտոնություններ սահմանվեցին Վանաձորի համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային և սպորտային ՀՈԱԿ-ներում սովորող առանց խնամքի մնացած երեխաների, ՀՀ ՊՆ զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող երեխաների, փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների և Սիրիայից Հայաստան տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար, 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների 1-ին երեխայի համար, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար (մանկատան սաներ), ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների և սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար:
50 տոկոս դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանվեց միակողմանի ծնողազուրկ, 1-ին կարգի հաշմանդամ ծնողների երեխաների, 3 և ավելի երեխաներ ունեցող ծնողների 2-րդ, 3-րդ և ավելի երեխաների համար և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար, խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:
Որոշումներից մեկն էլ Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին էր: Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը՝ 200 մ, իսկ անհատական բնակելի տներից՝ նվազագույնը՝ 150 մ հեռավորության վրա, բացառությամբ՝ ավագանու կողմից հաստատված որոշ դեպքերի:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքում Մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժինն անվանափոխվեց Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժին: Քանի որ զբոսաշրջությունը Վանաձոր համայնքի զարգացման գերակա ուղղություն է, ուստի գործառնական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անվանափոխություն կատարվեց համայնքի ղեկավարի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում լիարժեք իրականացնելու համար: Համապատասխան հիմնավորմամբ Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինն անվանափոխվեց Ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին: Համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվեց նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Գնումների բաժին, քանի որ վերջին 2 տարվա ընթացքում գնումների ծավալը 10 անգամ ավելացել է և գնումների գործընթացները պահանջում են առավել ծավալուն և թափանցիկ աշխատանք:
Ավագանու հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
Լրացուցիչ տեղեկացնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 11:00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում՝ համայնքի 2020 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ: