Այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Հաշվի առնելով արտակարգ իրավիճակում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սահմանափակումները՝ այն գումարվեց Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, որտեղ նախապես իրականացվել էին կանխարգելիչ աշխատանքներ, ինչի արդյունքում ապահովվել էր սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, բաժանվել էին պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ: Մինչ օրակարգին անցնելը՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ներկայացրեց արտակարգ դրության ժամանակահատվածում համայնքապետարանի կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքները, սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրվող օգնության գործընթացը, իր և ավագանու անունից շնորհակալություն հայտնեց այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր, համագործակցելով համայնքապետարանի հետ, սննդաքանակ էին տրամադրել քաղաքի անապահով ընտանիքներին: Քաղաքապետը բարձր գնահատեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ քաղաքացիների կողմից ուղղված դիմումների առցանց սպասարկման արդյունավետությունը և շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատանքային պարտականությունները լիարժեք կատարելու և սահմանված կարգով աշխատավայր ներկայանալու համար:
Արտահերթ նիստի օրակարգում 12 հարց էր: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց բուռն քննարկում: Ի վերջո բոլոր նախագծերը, բացառությամբ 10-րդի, ավագանու կողմից հաստատվեցին: Այն Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 հասցեում գտնվող, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 85․0 քմ մակերեսով հողամասը գնելուն համաձայնություն տալու մասին էր: